Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/6/2026
share

Կախանովի ջրանցքը անմխիթար վիճակում է

Վերջին տարիներին Կախանովի ջրանցքի աղտոտվածությունը դարձել է լուրջ բնապահպանական և առողջապահական խնդիր Սուրենավան բնակավայրում։ Ջրանցքը, որ տարիներ շարունակ գյուղատնտեսական կարևոր նշանակություն է ունեցել, այսօր անմխիթար վիճակում է։ Աղտոտված և գարշահոտ տարածքի է վերածվել  հատկապես Հին Կախանովի ջրանցքը, որտեղով ջուր չի հոսում։ Կուտակված աղբն ու ճահճացած ջրերը գարշահոտություն են տարածում։

Ամենաշատը տուժում են Սուրենավանի Կայարան փողոցի բնակիչները, որոնք ամեն օր ստիպված են շնչել գարշահոտ օդը։ Խնդիրը սրվում է հատկապես ամռանը, երբ բարձր ջերմաստիճանի պայմաններում տարբեր վարակների ու միջատների տարածման վտանգ է առաջանում։ Տուժում են հատկապես շնչառական խնդիրներ ունեցող մարդիկ։

Տարիներ առաջ կարևոր նշանակություն ունեցող ջրանցքն այսօր անուշադրության է մատնված։ Բնակիչները ակնկալում են, որ պատասխանատուները քայլեր կձեռնարկեն ջրանցքի մաքրման, սանիտարսկան վիճակի բարելավման և տարածքի վերահսկման ուղղությամբ։

Կախանովի ջրանցքի խնդիրը միայն բնապահպանական հարց չէ, այլ նաև՝ մարդկանց առողջ կյանքի իրավունքի խնդիրն է։ Կախանովի ջրանցքի մաքրությունը կարևոր է ոչ միայն ներկա սերնդի, այլ նաև ապագայի համար։

Բնության պահպանությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։

 

Քաղաքացիական լրագրող՝ Խորեն Սիրավյան

facebook sharing button facebook