Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/6/2026
share

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ․ Կոս

«Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն»,- X-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ կից հրապարակելով լուսանկար, որում ինքն ու Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն են՝ ձեռքներին մի քանի ծիրան։

«Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ նվերի և շատ լավ քննարկման համար։ Մենք հանդիպեցինք վաղը կայանալիք «Կապակցվածության օրակարգ» հարթակի մեկնարկին ընդառաջ, որտեղ առաջ կմղենք մեր աշխատանքը՝ Հայաստանն իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապակցելու ուղղությամբ»,- գրել է Կոսը։

ԵՄ հանձնակատարը նշել է, որ «Կապակցվածության օրակարգ»   հարթակը կօգնի հայ արտադրողներին դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և ավելի շատ բարձրորակ արտադրանք հասցնել նոր շուկաներ։

Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել է հայկական ապրանքների մուտքն իր շուկա, պատճառը՝ ԵՄ-ի հետ Հայաստանի խորացող հարաբերություններն են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։

Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն կտրամադրի՝ ի պատասխան Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների՝ ապահովելով հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա և խթանելով տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացումը։ 

facebook sharing button facebook