
Ադրբեջանում Եվրոպայի խորհրդի Բաքվի գրասենյակի ղեկավար Պետեր Ցիխը հրավիրվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան «վճռական բողոք» է ներկայացվել՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հունիսի 18-ի որոշման հետ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, թե «Չիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի վճռում իբր արձանագրվել է, որ ադրբեջանական տարածքները փաստացի գտնվել են հայկական «օկուպացիայի» տակ՝ Հայաստանի ռազմական և ֆինանսական աջակցությամբ։ Միաժամանակ, Բաքուն դժգոհություն է հայտնել՝ նշելով, որ ներկայիս որոշման մեջ օգտագործված ձևակերպումները, այդ թվում՝ «ԼՂՀ» և «շփման գիծ» արտահայտությունները, հակասում են Ադրբեջանի դիրքորոշմանը և տարածքային ամբողջականությանը։
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ կտրականապես մերժում է դատարանի որոշման մեկնաբանությունները և պատրաստ է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները իր «օրինական շահերը» պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքն ու խոշտանգումների արգելքը և պարտավորեցրել է վճարել 90 հազար եվրո փոխհատուցում զոհի հարազատներին։ Դատարանի համաձայն՝ հայ զինծառայողը ծանր վիրավորվել է ռազմական մեքենայի վրա հարձակման ժամանակ, ապա սպանվել է, իսկ նրա մարմնի նկատմամբ իրականացված գործողությունները ընտանիքին պատճառել են լրացուցիչ հոգեկան տառապանք։

