
Եվրոպական մի շարք երկրներում հաստատված աննախադեպ տապի պատճառով Ֆրանսիայում կիրակի օրը և լույս երկուշաբթի գիշերը տասներեք մարդ է խեղդվել, երբ փորձել են զովանալ ջրամբարներում։ Այս մասին հայտնել է երկրի Քաղաքացիական անվտանգության ծառայության խոսնակ Ժերոմ Բուլանժեն՝ հորդորելով բնակչությանը լողալ բացառապես անվտանգության համար նախատեսված վայրերում։ Բացի այդ, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի հետևանքով Ֆրանսիայում մահացել է երեք տարեց քաղաքացի, հայտնում է Reuters գործակալությունը։
Բարձր ջերմաստիճանի պատճառով Ֆրանսիայում շուրջ 2700 դպրոց փակվել է կամ փոփոխել դասացուցակները։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդո քաղաքում կանխատեսվում է 42 աստիճանը գերազանցող շոգ, իսկ «Meteo France» օդերևութաբանական գործակալությունը երկրի 49 վարչական շրջաններում հայտարարել է տապի վտանգի բարձրագույն՝ «կարմիր» աստիճան։ Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը TF1 հեռուստաալիքի եթերում նշել է, որ երկիրը թևակոխում է մի քանի օր տևող շատ շոգ եղանակի փուլ, և դեռևս հայտնի չէ, թե երբ ջերմաստիճանը կսկսի նվազել։
Տապի ալիքը տարածվել է նաև հարևան երկրներում։ Իսպանիայի իշխանությունները վտանգի բարձրագույն՝ «կարմիր» աստիճան են հայտարարել Բասկերի երկրում, որտեղ ջերմաստիճանը մոտենում է 40 աստիճանին։ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանները կանխատեսում են, որ այս շաբաթ ջերմաստիճանը կարող է գերազանցել հունիս ամսվա պատմական ռեկորդները։ Իսկ Բելգիայում վայրի բնության ապաստարանն արդեն ընդունել է տապից տուժած 150 կենդանու։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ապրիլյան զեկույցի համաձայն՝ Եվրոպան տաքանում է գլոբալ միջին ցուցանիշից ավելի քան երկու անգամ արագ տեմպերով։ Reuters Climate Monitor-ի տվյալներով՝ Եվրոպան այսօր իր պատմական նորմայից ամենաշատը շեղված մայրցամաքն է. կանխատեսվող միջին ջերմաստիճանը հասել է 24°C-ի, ինչը 4,1°C-ով բարձր է 1961-1990 թվականների համար տիպիկ ցուցանիշից։

