
Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ է արձակվել քաղհասարակության տասը ներկայացուցիչների գրավոր երաշխավորությամբ։ Տևական հացադուլից հետո ազատության մեջ գտնվող Օսիպյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր երախտագիտությունը հայտնելով իր պաշտպանությամբ զբաղված տեղական և միջազգային կառույցներին, հանրային ու քաղաքական գործիչներին, ինչպես նաև հունիսի 1-ից մեկնարկած նստացույցի և բողոքի ակցիաների մասնակիցներին։
Քանի որ ակտիվիստի ֆեյսբուքյան էջն ընթացիկ ամսվա 19-ից արգելափակված է, նրա հայտարարությունը սոցիալական հարթակում տարածել է գործով փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ Իր խոսքում Օսիպյանն ընդգծել է, որ իր նկատմամբ իրականացված քրեական հետապնդումն ակնհայտ անօրինական ու քաղաքականապես մոտիվացված էր, և հավելել, որ առաջիկայում պայքարելու են նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձանց պահման պայմանների բարելավման համար։
Մասնավորապես նշել է «Քանի որ Արտուր Օսիպյանի ֆեյսբուկյան էջը ամսի 19-ից արգելափակված է, իր երախտագիտոթյան խոսքը փախանցում եմ իմ էջի միջոցով։
Հարգելի հայրենակիցներ:
Իմ նկատմամբ խափանման միջոցը փոխվելուց և իմ ազատ արձակվելուց հետո որոշակի ժամանակ էր պետք տևական հացադուլից հետո փոքր ինչ կազդուրվելու և «ուշքի գալու» համար: Ու նոր-նոր սկսել եմ ուսումնասիրել այն բոլոր նախաձեռնություններն ու քայլերը, որ ձեռնարկվել են ի պաշտպանություն ինձ և հանուն մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության: Ինչ խոսք, ես դրանց մասին տեղյակ էի, բայց հանգամանորեն ուսումնասիրելու հնարավորություն չէի ունեցել:
Հիմա, ուսումնասիրելով դրանք, հասկանում եմ, թե ինչ ահռելի աշխատանք է տարվել ու թե որքան հետևողական և սկզբունքային են եղել ՀՀ քաղհասարակության այն կազմակերպությունները, որոնք զբաղվել են իմ գործով: Շատ կարևոր էին թե ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին հղված նամակները, որոնցում սկզբունքային գնահատական էր տրվել կատարվածին և հստակ առաջարկներ էին արվել:
Հիմա իմ մարդկային ու քաղաքացիական պարտքն եմ համարում ի սրտե շնորհակալություն հայտնել բոլոր այդ կազմակերպություններին ու հանրային առաջնորդներին, նաև այն բոլոր անհատներին, որոնք միացել են հանրագրերին:
Իմ առանձնակի երախտագիտությունն եմ հայտնում հունիսի 1-ին մեկնարկած նստացույցի ինչպաես նաև կառավարության շենքի դիմաց ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին, ովքեր ոչ միայն իրենց աջակցությունն են հայտնել, այլև կիսվել իրենց կարծիքներով ու առաջարկներով: Այդ ամենն անչափ կարևոր է եղել:
Առանձնակի երախտապարտ եմ քաղհասարակության այն տասը ներկայացուցիչներին, ում գրավոր երաշխավորությամբ ազատ եմ արձակվել: Ուզում եմ վստահեցնել, որ խորապես գիտակցում եմ թե նրանց համարձակ ու պատասխանատու քայլի կարևորությունը և թե իմ պատասխանատվությունը նրանց հանդեպ:
Շնորհակալ եմ այն քաղաքական շրջանակներին ու քաղաքական գործիչներին, ովքեր որոնք իրենց սկզբունքային դիրքորոշումն են հայտնել և իրենց հերթին հանրային հնչեղություն տվել խնդրին:
Երախտապարտ եմ Դիտորդների խմբին, որ այցելել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել ազատազրկված անձանց հետ, այդ թվում նաև ինձ հետ, ինչպես նաև դիտարկել խցային պայմանները։
Շնորհակալ եմ նաև այն արցախյան ՀԿ-ներին, հանրային առաջնորդներին ու այն անհատներին, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ու հրապարակավ խոր մտահոգություն հայտնել կատարվածի կապակցությամբ։
Շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր սոցիալական հարթակներում աջակցության խոսքեր են ասել, տարածել նյութեր ու կարծիքներ, մի խոսքով՝ իրենցից կախվածն արել:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը, միջազգային այն կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին, որոնք փորձել են նպաստել իրավիճակի քաղաքակիրթ հանգուցալուծմանը:
Շնորհակալ եմ հայաստանյան և միջազգային այն պատասխանատու լրատվամիջոցներին, որոնք անաչառ լուսաբանել են ինձ հետ կատարվածը և հանրային հնչեղություն են տվել դրան:
Հարգելի հայրենակիցներ, ի սրտե շնորհակալ եմ և երբեք չեմ մոռանա ձեր սրտացավությունը, սկզբունքայնությունն ու հետևողականությունը, ինչպես նաև ձեր անմանցորդ նվիրումը ձեր հանրօգուտ գործին:
Զգածված եմ բոլորիդ արդար գիտակցման համար իմ նկատմամբ ակնհայտ անօրինական, անհիմն ու քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումը դադարեցնելու հարցում: Քրեական հետապնդման դադարեցումը այն հստակ պահանջներից մեկն էր, որ արտացոլվել էր վերոնշյալ նամակներում ու հանրագրերում: Այն բխում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներից, ՀՀ օրենսդրությունից, ինչպես նաև միջազգայնորեն ստաձնած մարդու իրավունքների պարտավորություններից, այդ թվում՝ խոսքի ազատության, ազատության իրավունքի և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի ապահովման հրամայականից:
Մենք նաև պայքարելու ենք ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պայմանների բարելավման համար: Դիտորդ խումբն արդեն իսկ խիստ մտահոգիչ է համարել այն հանգամանքը, որ հացադուլի մեջ գտնվող անձինք շարունակում են պահվել խիստ խոնավ, ցուրտ, գարշահոտ և բնական լուսավորության անբավարար պայմաններում գտնվող խցերում։ Այդ մասին քանիցս խոսել եմ նաև ես:
Բայց մեր հիմնական պայքարը ՀՀ-ում մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պահպանումն է: Հուսով եմ, իմ նկատմամբ քրեական հետապնդման առիթով համագործակցության այս նոր փորձառությունը կնպաստի այդ նպատակին հասնելուն:
Սիրով և երախտագիտությամբ»․ Արտուր Օսիպյան

