
Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտնում է, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո։ Ֆինանսական աջակցությունն ուղղվելու է մասնավոր հատվածին՝ ռուսական առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Հատկացումն արվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից երկու շաբաթ անց։ Ըստ հաղորդագրության՝ սա Ֆոն դեր Լայենի հայտարարած համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ՝ Հայաստանի տնտեսական դիմակայունությունն ամրապնդելու համար։
Ֆինանսավորման հիմքում ընկած են Երևանում կայացած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի պայմանավորվածությունների վերլուծությունը։ Ծրագրի թիրախում են հայտնվել ռուսական սահմանափակումներից, այդ թվում՝ «Ռոսսելխոզնադզորի» արգելքներից առավել տուժած ոլորտները՝ ագրոպարենային արտադրությունը (գյուղմթերքի վերամշակում), ծաղկաբուծությունը և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը։ Այս ոլորտների ընկերություններին տրամադրվելու է աջակցություն՝ առևտրի խթանման, նոր գործարար կապերի հաստատման և այլընտրանքային շուկաների հասանելիության ապահովման ծրագրերի միջոցով։ Միջոցառումների իրականացման ընթացքն ու մշտադիտարկումն (մոնիթորինգը) ուղղորդելու է ԵՄ-Հայաստան տնտեսական դիմակայունության հատուկ խումբը, որը կանոնավոր հանդիպումներ է անցկացնում։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ սա եվրոպական համերաշխության գործնական դրսևորում է, որով օգնում են Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրն իր հարևանների և Եվրոպայի հետ՝ նպաստելով առևտրային հարաբերությունների բազմազանեցմանը (դիվերսիֆիկացիային)։ Համագործակցության հետագա գործնական քայլերը քննարկելու նպատակով հանձնակատար Մարթա Կոսը հուլիսի 5-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։

