
Գերմանիայում հարբած տղամարդը գնացքում հարձակվել է ուղեկցորդուհու վրա,- գրում է DW-ն։
Ուղևորները պաշտպանել են գնացքի ուղեկցորդուհուն հարձակումից՝ գերմանական գնացքում: Դաշնային ոստիկանությունը հայտնել է միջադեպի մասին, որը տեղի է ունեցել հունիսի 16-ին՝ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում: Քյոթենի կայարանում, տոմսերի ստուգման ժամանակ, տարածաշրջանային գնացքի ուղեկցորդուհին մոտեցել է ծխախոտ ծխող հարբած ուղևորին և ասել, որ վագոնում ծխելն արգելված է։
36-ամյա ագրեսիվ տղամարդը վառված ծխախոտը հանգցրել է նրա համազգեստի վրա, ապա մի քանի անգամ հարվածել ուղեկցորդուհու դեմքին: Միջադեպին միջամտել են մյուս ուղևորները՝ զսպելով հարձակվողին և պահելով նրան մինչև ոստիկանության ժամանումը: Հարբած տղամարդն, ի վերջո, ձերբակալվել է՝ փորձելով հարձակվել և վիրավորել նաև ոստիկաններին: Նրա ալկոհոլի թեստի արդյունքը կազմել է 2.36 պրոմիլե:
MDR մեդիա ընկերության տվյալներով՝ ընդհանուր առմամբ Գերմանիայում նման միջադեպերի թիվն աճել է: 2025 թվականին գրանցվել է երկաթուղային աշխատակիցների վրա մոտավորապես 2690 հարձակում, ինչը մոտ 11%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:

