
Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 3-րդ մաս թաղամասի խողովակի ապամոնտաժման հարցով դիմել է համայնքային իշխանություններին,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանը։
Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանին ուղղված դիմումի մեջ նշված է․
Հարգելի պարոն Փելեշյան,
2026 թվականի հունիսի 15-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքը, որի հետևանքով Փամբակ գետն են ընկել երկու անչափահաս երեխաներ, լրջորեն ընդգծել է առափնյա փողոցի երրորդ հատվածում առկա անվտանգության խնդիրները։
Համաձայն բնակիչների բազմաթիվ ահազանգերի և տարածված տեսանյութերի՝ նշված հատվածում առկա է գետի երկու ափերը կապող խողովակ, որը հաճախ օգտագործվում է որպես անցում, այդ թվում՝ երեխաների կողմից, ինչն իր մեջ պարունակում է ակնհայտ վտանգ և կարող է հանգեցնել «ծանր հետևանքների»։
Հաշվի առնելով մարդկային կյանքի և առողջության պաշտպանության առաջնահերթությունը՝
-խնդրում ենք ձեռնարկել միջոցներ վտանգավոր խողովակի ապամոնտաժման կամ մարդկանց մուտքն ու օգտագործումը բացառող համապատասխան արգելափակման ուղղությամբ,
-մինչև խնդրի վերջնական լուծումը տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ և ապահովել տարածքի պատշաճ ցանկապատում։
-քննարկել տվյալ հատվածում կամրջակի կառուցման կամ այլ ինժեներական լուծման հնարավորությունը, հետագայում նման ողբերգական դեպքերը բացառելու նպատակով։
Համոզված ենք, որ համայնքային իշխանությունների կողմից արագ և արդյունավետ արձագանքը կնպաստի քաղաքացիների անվտանգության ապահովմանը և կկանխի նմանատիպ դժբախտ դեպքերի կրկնությունը։

