Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/6/2026
share

Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օրն է

1994 թվականի հունիսի 17-ին ընդունվել է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիան, որի անդամ 196 պետություններն ու Եվրոպական միությունը համատեղ հանձնառություն են ստանձնել մինչև 2030 թվականը հասնել հողերի դեգրադացիայի չեզոքացման։

Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Արոտավայրեր․ ճանաչել, հարգել, վերականգնել»։

Արոտավայրերը զբաղեցնում են աշխարհի ցամաքային մակերևույթի ավելի քան կեսը և կարևոր դեր ունեն կլիմայական դիմակայունության, պարենային և ջրային անվտանգության, կենսաբազմազանության պահպանության ու միլիոնավոր մարդկանց կենսամիջոցների ապահովման գործում։ Միևնույն ժամանակ, կլիմայի փոփոխության, հողերի դեգրադացիայի և ոչ կայուն հողօգտագործման հետևանքով դրանք աճող ճնշումների են ենթարկվում։

Օրվա շրջանակում միջազգային հանրությունը կոչ է անում՝

 ճանաչել արոտավայրերի արժեքն ու ներդրումը տնտեսության և կենսաբազմազանության պահպանության գործում,

 հարգել բնիկ և տեղական համայնքների ավանդական գիտելիքներն ու փորձը,

 աջակցել հողերի և ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն ու դեգրադացված տարածքների վերականգնմանը։

Անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օրը կարևոր հարթակ է՝ հողերի դեգրադացիայի խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և առողջ հողերի պահպանմանն ուղղված գործողությունների խթանման համար։

Հողերի դեգրադացիայի չեզոքացման նպատակին հասնելու ուղղությամբ Հայաստանը միջազգային դոնորների աջակցությամբ և պետական համաֆինանսավորմամբ իրականացնում է ծրագրեր տարբեր մարզերում․

 «Հայաստանում հողերի դեգրադացման չեզոքացման (LDN) հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագիր,

 «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների ապահովմանը» ծրագիր,

 «Հայաստանի չորային գոտիներին և անտառային պահպանվող տարածքներին հարակից համայնքների հողահեն հարմարվողականության կարողությունների հզորացում՝ նախորդ ծրագրի հաջողված մեխանիզմների կրկնօրինակման և ընդլայնման միջոցով» ծրագիր,

 «Շիրակի մարզում կլիմայի փոփոխության նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացում՝ Արթիկ համայնքում իրականացված պիլոտային ծրագրի լավագույն փորձի կիրառմամբ» ծրագիր,

 «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիր: Նշված է ՇՄՆ հաղորդագրությունում։

facebook sharing button facebook