Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/6/2026
share

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել շուրջ 458 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ» ընկերությանը վարձակալությամբ տրամադրելու գործընթացում. հայց է ներկայացվել դատարան

Դատախազությունը, 457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրելու պետական գրանցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ:

 

Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հունիսի 16-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

 

Միևնույն ժամանակ, վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ 457,79 հա հողամասի նկատմամբ «Արարատցեմենտ» ընկերության անվամբ կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման, «Արարատցեմենտ» ընկերության 74,1 հա մակերեսով հողամասերի, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացներում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Հայտնաբերված խախտումների հիմքով Դատախազությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և հայցադիմումներ՝ իրավասու դատարան:

 

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը: 

 

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:

facebook sharing button facebook