
Վանաձորում, Փամբակ գետի վրա այս խողովակը անպատասխանատվության խողովակ է, որը բազմաթիվ ողբերգությունների պատճառ է դարձել տասնամյակներ շարունակ։ Վերջինը 7 և 13 տարեկան աղջիկների՝ Փամբակ գետ ընկնելու հանգամանքն է։ Արդեն երեք օր է՝ չեն գտնում երեխաներին։ Այս մասին ֆեսյնուքում գրել է իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։
«Ուրեմն, տասնամյակներ շարունակ մի կտոր երկաթ չէին թողել. ով ինչ տեսել է՝ կտրել ու ծախել է (իհարկե, ոչ սովորական մահկանացուները)։ Այս մի խողովակը չեն ծախել, հավանաբար նրա համար, որ ծախսը սա քանդելու շատ էր, կամ էլ, որ աչք չծակի, սա թողել էին որպես հետիոտնային անցում՝ լավություն անելով թալանված ժողովրդին։
Բա համայնքն այդքան անտե՞ր լինի, որ նախկինում տեղի ունեցած ողբերգություններից հետո ոչ տեղական իշխանությունները, ոչ այլ պատասխանատուները ոչինչ չանեն։
Ավելին, նախկինում տեղի ունեցած նման դեպքերից հետո, Արտակարգ իրավիճակների ծառայությունները, իրավապահ մարմինները, չմիջամտեն ու եզրակացություններ չտան, չստիպեն։
Ամաչում և ցավում ես, որ տասնամյակներով այդքան հեռու են պատասխանատվությունից և հոգատարությունից։
Պետք է քննությունը պարզի պատասխանատուների շրջանակը, ուսումնասիրի նաև նախկին դեպքերը, պարզի, թե ինչ քայլեր չեն արվել այդ դեպքերից հետո, որոնք պետք է իրականացվեին, և պատասխանատվության ենթարկի անպատասխանատուներին։
Խողովակն էլ, քննության ավարտից հետո, շտապ ապամոնտաժվի և մտցվի տասնամյակներով թալանող, մետաղալոմ քանդող ու վաճառողների աչքը»,-գրել է նա։

