
2 օր է՝ շարունակվում են Փամբակ գետն ընկած 7 և 13 տարեկան աղջիկների որոնումները։ Հիշեցնենք՝ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգն ստացվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին ու այդ պահից Փամբակի վարարած ջրերում նրանց են որոնում։
2024-ից «Օրրան» հաճախող քույրերի ընտանիքը Արթիկից է Վանաձոր տեղափոխվել։ 5 երեխաները մոր հետ վարձով են բնակվում Վանաձորի 3-րդ մաս թաղամասում։ Հարևանների խոսքով՝ նորմալ ընտանիք է․ երեխաները՝ խելոք, մայրն՝ աշխատող։ Ծնողներն ամուսնալուծման գործընթացում են։ Երեխաների խնամքն ու տան վարձը մայրն է հասցնում։
Տեղում աշխատանքներին հետևում է նաև Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը։ «Քաղաքացու Ձայն»-ի հետ զրույցում նա ցավով ասաց, որ փրկարարներին դեռևս չի հաջողվել գտնել որևէ հետք։ Տեղում էր նաև աղջիկների հայրը։ Նա խուսափեց տեսախցիկից։ Ասաց միայն, որ 2 տարի տեղեկություն չի ունեցել ընտանիքից։ Դեպքի մասին իմացել ու միացել փրկարարներին։ Բարեկամներից մեկը մոտեցավ և խնդրեց այլ հարցեր չհղել նրան։
Թաղամասի բնակիչ Մնացական Կլեկչյանը վրդովված հիշում է, որ չարաբաստիկ խողովակը, որը շատերի մահվան պատճառն է դարձել, 80-ականների վերջից է հայտնվել տարածքում։ Այստեղ նախատեսվում էր կամուրջ կառուցել, որը 3-րդ մաս թաղամասը պիտի կապեր քաղաքի հետ։ Երկրաշարժն ու հաջորդող դեպքերը կանգնեցրել են իրադարձությունների ընթացքը, բայց ոչ մահաբեր խողովակի գոյությունը
Մանրամասները՝ տեսանյութում։

