
Հուլիսից կմեկնարկի Արցախից բռնի տեղահանված մինչև երեք անդամից բաղկացած ընտանիքների համար բնակարանային խնդրի կարգավորման երկարաժամկետ վարձակալության ծրագիրը: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով տեղահանված անձանց բնակարանային, սոցիալական և զբաղվածության աջակցության ծրագրերի ընթացքն ու վիճակագրությունը:
«2025-ին տարեվերջին կառավարությունը հաստատեց նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի համար վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը։ Դրա նպատակն է բնակարանային խմբերում խնդրի կարգավորման այլընտրանքային եղանակ առաջարկել մինչև երեք անդամից բաղկացած այն տեղահանված ընտանիքներին, ովքեր կգերադասեն բնակարանային խնդիրը լուծել ոչ թե բնակարան գնելու, այլ կառավարության աջակցությամբ երկարաժամկետ վարձակալության միջոցով։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2026-ի հուլիսից»,- ասել է փոխվարչապետը։
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ 2025 թվականի փոփոխություններով զգալիորեն ընդլայնվել է այն բնակավայրերի ցանկը, որտեղ տուն գնելու աջակցությունը մեկ անձի հաշվով 3 միլիոն դրամից բարձրացվել է 4 միլիոն դրամի: Նախկին 452 բնակավայրի փոխարեն այս չափը սահմանվել է 611 բնակավայրի համար: 2026 թվականի մարտին լավարկումները շարունակվել են՝ Երևանին սահմանակից մարզերի բնակավայրերում ևս մեկ անձի հավաստագրի չափը սահմանելով 4 միլիոն դրամ: Այս բարելավումը տարածվել է նաև նախկին շահառուների վրա՝ թույլ տալով ավելացող միջոցներն ուղղել այլ ծախսերի:
Ըստ ներկայացված տվյալների՝ 2026-ի մայիսի 31-ի դրությամբ հավաստագիր է տրամադրվել 6,444 ընտանիքի, որոնցում ներառված է 26,432 անձ: Այդ ընտանիքներից ավելի քան 2,970-ը կամ 13,400 անձն արդեն իսկ գնել է իր տունը կամ բնակարանը, իսկ գնված բնակարանների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 48 մլրդ դրամ:

