
Էկոակտիվիստ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հունիսի 14-ին Կապանում տեղացած հորդառատ անձրևներից հետո քաղաքի փողոցները ողողած դեղնավուն ջրերի միջադեպին։ Դուլգարյանը, շեշտելով, որ սա Հայաստանում նորություն չէ և նմանատիպ խնդիրներ առկա են նաև Լոռու մարզում, ընդգծել է, որ պետությունը պետք է ստանձնի չկառավարվող թափոնների պատասխանատվությունը՝ կանխելու համար մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին սպառնացող վտանգները։Մասնավորապես նշել է․
«2026թ․հունիսի 14-ին համացանցում տարածվեցին տեսանյութ և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են առատ անձրևից հետո Կապան քաղաքի փողոցները ողողվում մուգ դեղին գույնի ջրերով։
Կարևոր է, որ քաղաքացիները անհանգստացան, արձագանքեցին, որին հաջորդեց ՀՀ ԲԸՏՄ կողմից վարույթ նախաձեռնելը՝ ջրերի բաղադրությունը պարզելու նպատակով։
Քաղաքացիների և մամուլի գրառումներում կա կարծիք, որ ջրերին խառնված են Կավարտի լքված հանքավայրի թափոնները։
Ուզում եմ նշել, որ Հայաստանում այդ երևույթը նոր չէ, նմանօրինակ խնդիրների մասին բարձրաձայնվել է տարիներ շարունակ։
Լոռիում, օրինակ, այդպիսի դեպքեր գրանցվում են Ալավերդիում, Ախթալայում, որտեղ առկա են չռեկուլտիվացված թափոնակույտեր, պոչամբարներ կամ լքված հանքավայրեր։
Տարիներ առաջ Լոռիում նման մի ահազանգով կրկին վարույթ էր նախաձեռնվել։ Հետո նշվեց, որ ջրերը խառնված են կավին, և այդ պատճառով են դեղնավուն երանգ ստացել։ Այո՛, այդպիսի դեպք կարող է լինել այն վայրերում, որտեղ առկա է շատ կավ և չկան թափոններ։ Իսկ այն վայրերում, որտեղ ձորերը լցված են թափոններով ու թափոնակույտերով կամ շրջակայքում առկա են լքված հանքավայրեր, կավին վերագրելը անիմաստ է։
Ինչի՞ հետ մենք գործ ունենք։ Գործ ունենք չկառավարվող թափոնների հետ, որի հիմնական պատասխանատուն և ժառանգորդը պետությունն է։ Ու այս խնդիրները հնարավոր է լուծել միայն պետական քաղաքականության մակարդակով, երբեմն նաև՝ ՏԻՄ մարմինների ավելի բարձր պատասխանատվությամբ։ Որևէ մեկը ՏԻՄ-երի ձեռքից չի բռնում, որպեսզի թափոնակույտերի շուրջ որոշակի անվտանգային գոտիներ կառուցեն, թեկուզ համայնքներին տրվող բնապահպանական վճարների հաշվին։
Որպես հետևանք, եթե խոսքը մետաղական հանքավայրի թափոնների մասին է, ապա, բնականաբար, դրանց բաղադրություններում առկա տարրերը, ինչպիսիք կարող են լինել կապարը, մկնդեղը և այլ նյութեր, խառնվելով անձրևաջրերին, հայտնվելու են ջրային և ոռոգման համակարգերում, գյուղատնտեսական հողերում, բակերում, որտեղ խաղում են երեխաները՝ ստեղծելով հավելյալ ռիսկեր շրջակա միջավայրի, մարդու առողջության և մասնավոր սեփականության համար։
Հատկապես տնտեսության դիվերսիֆիկացիայի և եվրոպական շուկա դուրս գալու առումով այս խնդիրները գերառաջնային են և շտապ լուծման կարիք ունեն»․ Օլեգ Դուլգարյան

