Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/6/2026
share

ԿԸՀ-ի այս որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող է ստվերել ընտրական գործընթացի արդարության հանրային ընկալումը․ Ականատես

2026 թվականի հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփել է հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Այն նաև քննել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Միասնության թևեր» կուսակցության կողմից ներկայացված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները: Մինչ այդ՝ 2026 թ․ հունիսի 12-ին թիվ 12 ԸԸՀ-ն անվավեր էր ճանաչել 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները՝ հաշվի առնելով, որ տեղամասում բացակայել է թիվ 8 ՝«Ազգային-ժողովրդական բևեռ» համահայկական կուսակցության քվեաթերթիկը։ Իսկ հունիսի 11-ին ԿԸՀ-ը անվավեր էր ճանաչել թիվ 10/51 և 35/65 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները՝ հաշվի առնելով քվեարկության ավարտի ժամից հետո այդ տեղամասերում կուտակված զինծառայողների քվեարկությունը։

ՀՀ ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր է շտկել այդ խախտումների հետևանքները:

ԿԸՀ-ն 2026 թվականի հունիսի 14-ին իր N 258-Ա որոշմամբ գտել է, որ թիվ 12/13, 10/51 և 35/65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա: Այս գնահատականը ներկայացվել է ընդամենը մեկ նախադասությամբ, առանց պատշաճ հիմնավորման, առանց ներկայացնելու համապատասխան և հանրության համար ընկալելի բացատրություն, և տվյալ տեղամասերում վերաքվեարկություն չի նշանակվել։ Այլընտրանքային հաշվարկներով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերոնշյալ երեք տեղամասերի ներառման պարագայում հաղթահարում էր Ընտրական օրենսգրքով նախատեսված 4% անցողիկ շեմը։ Մինչդեռ, այդ տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչմամբ այն կորցրել է անցողիկ շեմը հաղթահարելու համար բավարար ձայները և զրկվել մանդատներից։

Հունիսի 15-ին երեք տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ հայտարարությամբ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը փորձել է պարզաբանել ԿԸՀ որոշումը՝ վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի ընտրությունների արդյունքների չեղարկման մասին 2025 թ․ հրատապ զեկույցը և դրանում արտահայտված վերապահումները։ Չնայած մի քանի տեղամասերում վերաքվեարկության կազմակերպմանն առնչվող ռիսկերին և դրա բերումով՝ ԿԸՀ արտահայտած դիրքորոշման օրինաչափությանը, անհնար է չնկատել, որ վերաքվեարկության չնշանակումը փաստացի խաթարում է խորհրդարանական մանդատների բաշխումը, ձևավորվող Ազգային ժողովի կազմը և ներկայացուցչականությունը։

Կարևոր է նշել, որ «Ականատես» դիտորդական առաքելությանը հայտնի են դարձել մի շարք տեղեկություններ, որոնք վկայում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին նախընտրական ժամանակահատվածում ընտրակաշառք բաժանելու, քարոզչությանը մասնակցելու և քվեարկության հարկադրանքի դեպքերի մասին, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններին։ Բացի այդ, բազմաթիվ են Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից արձանագրված դեպքերը (ըստ հրապարակումների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև հունիսի 9-ը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առիթով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից 24-ը (ընդհանուրի մոտ 1/5-ը) վերաբերել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակվել են նաև նշված փաստերին վերաբերող մի շարք ձայնագրություններ:

Այնուամենայնիվ, «Ականատես» դիտորդական առաքելությունը խիստ վիճահարույց է համարում ԿԸՀ-ի գնահատականն առ այն, որ վերը նշված երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը: Արձանագրում ենք, որ ընդունված որոշումը խնդրահարույց է ներպետական ընտրական օրենսդրության, միջազգային իրավական չափանիշների, ինչպես նաև ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ապահովման տեսանկյունից։

Թեև ԿԸՀ-ի կողմից կատարված այն պնդումը, թե վերաքվեարկության ժամանակ հանրապետական նախնական արդյունքների հայտնի լինելը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության», և հետևաբար՝ վերաքվեարկություն չպետք է անցկացվի, բխեցվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի զեկույցից, այնուամենայնիվ, սույն դեպքում այն չի կարող գերակայել քաղաքական ուժի կողմից անցողիկ շեմի հաղթահարման իրական պատկերը պարզելու հրամայականին:

Անդրադառնալով ԿԸՀ-ի կողմից Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումների և միջազգային ստանդարտների վկայակոչմանը՝ հարկ է ընդգծել նաև, որ ընտրական վարչարարության հիմքում չեն կարող դրվել միջազգային փաստաթղթերի հատվածական մեկնաբանությունները՝ անտեսելով դրանց հիմնարար սկզբունքները։ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական գործընթացների լավ գործելակերպի կանոնագրքի» (Code of Good Practice in Electoral Matters, CDL-AD(2002)023) 3.3 կետը հստակ սահմանում է ընտրական վեճերի դեպքում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի ապահովման պահանջը։ Տվյալ դեպքում արձանագրված խախտումները, մասնավորապես՝ տեղամասերի փակ լինելուց հետո քվեարկության շարունակությունը կամ որևէ քաղաքական ուժի քվեաթերթիկների բացակայությունը, գտնվում են բացառապես ընտրական մարմինների պատասխանատվության դաշտում։ Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (OSCE/ODIHR) ընտրությունների դիտարկման և վարչարարության ուղեցույցների՝ պետության վարչարարական սխալի բեռը երբեք չի կարող դրվել ընտրողի վրա:

Խնդրահարույց տեղամասերում ավելի քան 3000 ձայների ազդեցությունը մանդատների բաշխման և խորհրդարանական անցողիկ շեմի հաղթահարման վրա անհնար է բացառել առանց հիմնավորված և հրապարակային մաթեմատիկական հաշվարկի ապացույցների։ Նման հաշվարկի չտրամադրումը խաթարում է գործընթացի թափանցիկությունը և արդարացիորեն վտանգում վարչական ակտի օրինականության հանրային ընկալումը։ Այս ընտրողներին իրենց ակտիվ ընտրական իրավունքից զրկելն արդարացնելը տակտիկական քվեարկության մասին ենթադրություններով ուղղակիորեն խախտում է համաչափության իրավական սկզբունքը, հաշվի առնելով այն, որ համապատասխան տեղամասերում քվեարկության արդյունքների չեղարկումը հանգեցրել է ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի կողմից անցողիկ շեմը չհաղթահարելուն: Նման պայմաններում ընտրական իրավունքի սահմանափակումը՝ ի դեմս քվեի չեղարկման, չի կարող համարվել «համաչափ և անհրաժեշտ միջոց» ընտրական վարչարարության սխալի վերացման համար։

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը ցանկացած ժողովրդավարական գործընթացի լեգիտիմության անկյունաքարն է։ ԿԸՀ-ի այս որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող է ստվերել ընտրական գործընթացի արդարության հանրային ընկալումը։

facebook sharing button facebook