
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել հայաթափված Շուշիում ընթացող «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության մեջ. խաղաղության կառուցում Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի մասնակիցներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ։ Նա կրկին արդարացրել է Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմն ու 2023 թվականին հայ բնակչության էթնիկ զտումն ու բռնի տեղահանությունը։
«Մեր հողերն ազատագրվեցին հայկական օկուպացիայից 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում։ Երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվեցին։ Այսպիսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը, որոնք գրեթե 30 տարի մնացել էին թղթի վրա, ապահովվեց հենց ադրբեջանական պետության կողմից»,- ասվում է Ալիևի ուղերձում։
Նա, միաժամանակ, հայտարարել է, թե Ադրբեջանը վարում է վճռական քաղաքականություն, որն ուղղված է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ու պահպանմանը։ «Անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ամբողջությամբ փոխեցին Հարավային Կովկասում իրավիճակը։ Այս համատեքստում իրականացվող Զանգեզուրի միջանցքը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի շրջանի հետ և կդառնա նաև Միջին միջանցքի գլխավոր հատվածներից մեկը»,- նշել է Ալիևը։ Նա նաև հայտարարել է, թե Ադրբեջանը ջանքեր է գործադրում՝ ոչ միայն տարածաշրջանը, այլև Եվրասիան ամբողջությամբ վերածելու համագործակցության հուսալի տարածքի։
Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան Ալիևի գլխավորությամբ շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը. Factor

