
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է մինչև 16 տարեկան դեռահասների համար սոցիալական ցանցերն ամբողջությամբ արգելելու ծրագրերի մասին։ Նրա խոսքով՝ այդ հարթակները «նրանց ենթարկում են վտանգավոր բովանդակության (կոնտենտի) ազդեցությանը» և «ստեղծված են այնպես, որ կախվածություն առաջացնեն»։
Կառավարությունից հստակեցրել են, որ արգելքը «կվերաբերի այնպիսի հարթակների, ինչպիսիք են Snapchat-ը, TikTok-ը, YouTube-ը, Instagram-ը, Facebook-ը և X-ը», բայց չի առնչվի հաղորդագրությունների փոխանակման ծառայություններին, օրինակ՝ WhatsApp-ին։
Սթարմերը հավելել է, որ ակնկալում է համապատասխան օրենքն ընդունել մինչև դեկտեմբերի վերջ, իսկ բուն արգելքը պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականի գարնանը։ Նա նաև հայտարարել է, որ կառավարությունն ավելի հեռուն կգնա և «համաշխարհային պրակտիկայում աննախադեպ միջոցներ կձեռնարկի խաղային ծառայությունների և ուղիղ հեռարձակումների հարթակների նկատմամբ», որոնք անծանոթներին թույլ են տալիս կապ հաստատել երեխաների հետ։
Իշխանությունների հայտարարության մեջ նշվում է, որ դիտարկվում են նաև այնպիսի միջոցներ, ինչպիսիք են գիշերային ժամերին «պարետային ժամի» սահմանումը և 18 տարեկանից ցածր օգտատերերի համար լրահոսի անվերջ թերթման (scrolling) ռեժիմում պարտադիր ընդմիջումների ներդրումը։ Ավելի մանրամասն տեղեկատվություն կհրապարակվի հուլիսին։
Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ իր որոշման վրա ազդել է Ավստրալիայի փորձը, որն անցյալ տարվա դեկտեմբերին առաջինն է արգելել մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցցանցերից։ Անցյալ շաբաթ Կանադայի մշակույթի նախարարը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է մինչև 16 տարեկան երեխաներին հաշիվներ (աքաունթներ) ունենալ սոցիալական ցանցերում և պարտավորեցնում է արհեստական բանականությամբ չատբոտերի մշակողներին սահմանափակել վնասակար բովանդակության ստեղծումը։

