Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/6/2026
share

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են խաղաղության գործարքի շուրջ․ համաձայնագիրը պետք է ստորագրվի հունիսի 19-ի

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են խաղաղության գործարքի պայմանները, հայտարարել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը։ Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին։

Հորմուզի նեղուցը, իր Truth սոցիալական թանցում գրել է Թրամփը, համաձայնագրի ստորագրումից և ականազերծումից հետո կբացվի նավերի ազատ տեղաշարժի համար, ԱՄՆ-ն կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։

«Ամբողջ աշխարհի՛ նավեր, գործարկե՛ք ձեր շարժիչները։ Թող նավթը գետի պես հոսի»,— հայտարարել է Թրամփը։

Իրանի ԱԳՆ-ում հաստատել են, որ կողմերին հաջողվել է համաձայնեցնել միջանկյալ խաղաղության գործարքի պարամետրերը։ Համաձայնագրի ստորագրման արարողությունը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, նախատեսվում է անցկացնել Շվեյցարիայում։

Իրանական Mehr գործակալության տվյալներով՝ 14 կետից բաղկացած միջանկյալ խաղաղության համաձայնագիրը, ի թիվս այլ հարցերի, նախատեսում է ծովային շրջափակման վերացում, իրանական նավթի դեմ պատժամիջոցների կասեցում և իրանական ֆինանսական ակտիվների առնվազն կեսի ապասառեցում։ Միայն այս պայմանների կատարման դեպքում կշարունակվեն բանակցությունները վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ, գրում է Mehr-ը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի վերջին սկսել էին հարվածներ հասցնել Իրանին, իսկ Թեհրանը հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարձակվել էր Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակից երկրների վրա։ Ապրիլի սկզբին կողմերին հաջողվել էր պայմանավորվել կրակի ժամանակավոր դադարեցման շուրջ և սկսել խաղաղության գործարքի քննարկումը։ Իրանն ու ԱՄՆ-ն բազմիցս փոխադարձ հարվածներ են հասցրել, սակայն հայտարարել են, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է։

facebook sharing button facebook