Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/6/2026
share

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, ր ՄԻՊ Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին «Նորդիկ օրեր-2026» ծրագրի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին և առաջնահերթություններին։

«Պաշտպանն ընդգծել է, որ կանանց և աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովման ճանապարհին շարունակում են խոչընդոտ մնալ հանրային ընկալումներում պահպանվող կարծրատիպերը՝ կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի վերաբերյալ։ Անահիտ Մանասյանը նաև ուշադրություն է հրավիրել ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում վաղ ամուսնությունների խնդրին՝ նշելով, որ այն բացասաբար է անդրադառնում աղջիկների կրթության, զարգացման և այլ իրավունքների իրացման հնարավորությունների վրա։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև մարդու իրավունքների կրթության դերը՝ ընդգծելով, որ Հայաստանում, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատություններում, մարդու իրավունքների կրթությունը դեռևս չի համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին, ինչը պահանջում է շարունակական բարեփոխումներ։

Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը։ Քննարկումը վարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։ «Նորդիկ օրեր 2026»-ը Երևանում իրականացվում է Նորդիկ նախարարների խորհրդի (Nordic Council of Ministers) աջակցությամբ, Նորդիկ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և գործընկեր կառույցների համագործակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
 

facebook sharing button facebook