Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/6/2026
share

Երևանում ձերբակալվել է ռուսաստանցի հայտնի մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է հայտնի մաթեմատիկոս, պրոֆեսոր և բլոգեր Միխայիլ Վերբիցկին։ Նրա ձերբակալման մասին տեղեկությունը հաստատել են ՆԳՆ օդանավակայանի բաժանմունքից՝ նշելով, որ Վերբիցկին գտնվում է Երևանի ձերբակալվածների պահման վայրում։

Ինչպես հաղորդում է լրագրող Օլեգ Կաշինը, ձերբակալությունն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության հարցումով։ Միխայիլ Վերբիցկին Ռուսաստանում հետախուզման մեջ է գտնվում. 2025 թվականին նա ընդգրկվել է Ռոսֆինմոնիթորինգի «ահաբեկիչների և ծայրահեղականների» ցուցակում՝ ահաբեկչական հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի «Վանաձոր» գրասենյակի իրավաբան Անի Չատինյանը «Դոժդ» հեռուստաալիքի հետ զրույցում պարզաբանել է իրավիճակը. «Նա այժմ մեկուսարանում է։ Դատախազությունը պետք է որոշում կայացնի՝ ազատ արձակել նրան, թե կալանավորել։ Առաջիկայում կքննարկվի Ռուսաստանից արտահանձնման հարցում ստանալու հարցը։ Եթե այն ստացվի, օրենքով նրան 40 օրով կկալանավորեն, իսկ եթե ոչ՝ 72 ժամվա ընթացքում նա ազատ կարձակվի»։

Ըստ իրավաբանի՝ մոտակա օրերին դատախազության որոշումը հստակություն կմտցնի գործի հետագա ընթացքի վերաբերյալ։

Միխայիլ Վերբիցկին հայտնի գիտնական է, որը տարբեր տարիներին աշխատել է Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում, դասավանդել Բարձրագույն տնտեսագիտության դպրոցում (ՆԻՈՒ ՎՇԷ), ինչպես նաև Գլազգոյի և Բրյուսելի ազատ համալսարաններում։ Համացանցային տիրույթում նա հայտնի էր որպես ռուսալեզու հատվածի ամենատարածված բլոգերներից մեկը։

Գիտնականը 2015 թվականից բնակվում է Ռիո դե Ժանեյրոյում, որտեղ զբաղեցնում է Մաթեմատիկայի ազգային ինստիտուտի պրոֆեսորի պաշտոնը։ Ըստ ռուսական աղբյուրների՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կապված է «ահաբեկչության կոչերի» մեղադրանքի հետ։

facebook sharing button facebook