
Դիտորդների խումբը ՀՀ առողջապահության նախարարությանը դիմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող մի շարք ազատությունից զրկված անձանց առողջական վիճակի վերաբերյալ անհապաղ միջոցներ ձեռնարկելու գրությամբ։
2026 թվականի հունիսի 6-ին իրականացված մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են մի շարք մտահոգիչ հանգամանքներ։
Կալանավորված անձ Հ․ Ս–ն արդեն 26 օր գտնվում է հացադուլի մեջ։ Նրա խոսքով՝ ունի առողջական խնդիրներ, տեսողության հետ կապված դժվարություններ և ակնոցների կարիք։ Բացի այդ, նախկինում ունեցել է երկրորդ կարգի հաշմանդամություն, սակայն հաշմանդամության ժամկետի ավարտից հետո չի անցել ֆունկցիոնալության գնահատում։
Ազատությունից զրկված անձ Հ․Ա․ հայտնել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ նախկինում ստացել է «Գաբապենտին» 300 մգ բուժում, սակայն ներկայումս դեղամիջոցը չի տրամադրվում, իսկ ընտանիքը սոցիալական ծանր վիճակի պատճառով հնարավորություն չունի այն ձեռք բերելու։
Ցմահ դատապարտյալ Հ․Խ․ հայտնել է, որ երկար ժամանակ չի ընդունվել հոգեբույժի կողմից։ Նրա խոսքով՝ նախկինում բուժում է ստացել նաև հոգեբուժական հաստատությունում, մինչդեռ ներկայումս պահվում է մեկուսացված պայմաններում։
Հայաստանի Հանրապետությունը, որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի մասնակից պետություն, պարտավոր է ապահովել ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքը՝ նույն չափանիշներով, ինչ հասարակության մյուս անդամների համար։
Դիտորդների խումբը պահանջել է.
կազմակերպել Հ․Ս․-ի համալիր բժշկական զննությունը,
ապահովել նրա տեսողության ստուգումը և ֆունկցիոնալության գնահատումը,
գնահատել Հ․Ա․-ի հոգեկան առողջության վիճակը և անհրաժեշտության դեպքում ապահովել համապատասխան դեղորայքային բուժումը,
կազմակերպել Հ․Խ․-ի հոգեբուժական զննումը և քննարկել մասնագիտացված բուժման անհրաժեշտությունը,
տեղեկացնել Դիտորդների խմբին ձեռնարկված և նախատեսվող միջոցառումների մասին։
Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ շարունակում է ունենալ արժանապատիվ վերաբերմունքի, առողջապահական ծառայություններից օգտվելու և անհրաժեշտ բուժում ստանալու իրավունք։

