
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնեն, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
«ՀԱՊԿ-ից հեռացման մեխանիզմ կա և գործում է։ Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնեն, մենք ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն, ուրիշ անելու բան չունենք»- ասել է Փաշինյանը։
Նախօրեին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարվա ընթացքում Հայաստանի կողմից անդամավճարներ չվճարելու պատճառով:
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում խորհուրդն ընդունում է որոշում՝ կազմակերպության շրջանակներում այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաև միավորման մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին մինչև պարտքի ամբողջական մարումը։
Հայաստանը 2024-ի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները։

