Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/6/2026
share

Չգիտեմ, թե ինչու է Արթուր Օսիպյանի նկատմամբ կալանք ընտրվել․ Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ահազանգին, որ Արթուր Օսիպյանը քրեակատարողական հիմնարկում անմարդկային պայմաններում է պահվում, նրա խուցն անմխիթար վիճակում է։

«Դուք հարցադրում չարեցիք, պնդում արեցիք, որ կոնկրետ անձը պահվում է ինչ-որ անմխիթար պայմաններում։ Մեր քրեակատարողական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Նաեւ հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը կենտրոնական մասից եւ նրան նաեւ առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որոնք իր կարծիքով առկա են եւ իր կարծիքով հանցավոր են։ Եվ այդ կապը քննչական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից։ Այսինքն՝ մենք ամեն ինչ արել ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովվի։ Նրան տրամադրվում է իրեն հասանելիք զբոսանքը, տեսակցությունները հարազատների հետ։ Եվ ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, որովհետեւ դա չի կարող լինել»,- ասաց Գալյանը։

Հարցին, թե Արթուր Օսիպյանի առողջական վիճակը կարո՞ղ է պատճառ լինել, որ նրա խափանման միջոցը փոխվի, Գալյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչո՞ւ է կոնկրետ խափանման միջոցն ընտրվել, որովհետեւ չեմ կարող իմանալ եւ չպետք է իմանամ, իմ պաշտոնն ուղղակի արգելում է։ Իսկ ինչ վերաբերում է առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցի փոփոխությանը, ապա ես հույս ունեմ՝ բանը դրան չի հասնի, եւ անձը դուրս կգա հացադուլից, իր բարձրաձայնած խնդիրները, եթե դրանք իրականում խնդիր են, կստանան լուծում։ Ամեն դեպքում վարույթ իրականացնող մարմիններն ինչ որոշում կայացնեն, մենք դա ենք իրականացնելու։ Կարելի է ասել՝ բոլորի դեպքում էլ մեր պարագայում խիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի»։

 

facebook sharing button facebook