
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչել Մարտունու «Մուշ» կինոթատրոնի օտարման պայմանագիրը։ Դատախազության տվյալներով՝ 2006-ին պետությանը պատկանող կինոթատրոնի շենքը, էլեկտրական ենթակայանն ու 0,272 հա հողամասը ֆիզիկական անձի են օտարվել կադաստրային արժեքից բազմակի ցածր գնով։
«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետությանը պատկանող՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի 1218 քմ մակերեսով շենքը, 43,7 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը՝ 0,272 հա հողամասի հետ միասին 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված պայմանագրով ապօրինի օտարվել են ֆիզիկական անձի՝ ընդամենը 4 միլիոն 572 հազար դրամով։ Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ օտարման պահին գույքի կադաստրային արժեքը կազմել է 33 միլիոն 246 հազար 992 դրամ. այսինքն՝ վերոնշյալ գույքերը վաճառվել են կադաստրային արժեքից բազմակի ցածր գնով։ Ներկայում գույքի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 134 միլիոն 250 հազար դրամ է։
Դատախազությունում ստացված տվյալների համաձայն՝ օտարման գործընթացում հաշվի չի առնվել նաև այն հանգամանքը, որ 2005 թվականի դեկտեմբերի 2-ին Մարտունու քաղաքապետը, քաղաքի բնակչության պահանջով, համայնքի ավագանու անդամների անունից դիմել էր այդ ժամանակ գործող ՀՀ վարչապետին՝ խնդրելով քաղաքի միակ կինոթատրոնի շենքը հանձնել համայնքին՝ մշակութային կյանքն ու երիտասարդության ժամանցը պատշաճ կազմակերպելու նպատակով։
Ուսումնասիրության արդյունքներով պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հանցանքի մասին հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բացի այդ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի մարտի 25-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ֆիզիկական անձի միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը։
Հայցադիմումով հիմնավորվել է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 66 հասցեում գտնվող հասարակական նշանակության «Մուշ» կինոթատրոնը վաճառվել է շուկայական և կադաստրային արժեքներից էականորեն ցածր գնով՝ խախտելով ինչպես գույքի գնահատման, այնպես էլ պետական սեփականության օտարման ժամանակ գործող օրենսդրական պահանջները։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հունիսի 1-ի վճռով Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու քաղաքացու միջև 2006 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի օտարման պայմանագիրը ճանաչվել է անվավեր։
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Մարտունի քաղաքի «Մուշ» կինոթատրոնի 1218 քմ մակերեսով շենքը, 43,7 քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը և 0,272 հա հողամասը»։

