Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/6/2026
share

«Խոր Վիրապ» արգելավայրում իրականացվող հողային աշխատանքները մասնագետների ուշադրության կենտրոնում են

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության գիտությունների թեկնածու Լուբա Բալյանը բարձրացրել է «Խոր Վիրապ» արգելավայրում ընթացող հողային աշխատանքների հարցը։ Գիտնականը նշում է, որ միջազգային Ռամսարյան կոնվենցիայի պահպանման տակ գտնվող այս տարածքում առկա է ծանր տեխնիկա, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս, հատկապես թռչունների բնադրման շրջանում։

Լուբա Բալյանը մասնավորապես նշել է.

«Թռչունների բնադրման ամենաթեժ և խոցելի շրջանում, այսպիսի կարգավիճակ ունեցող վայրում բնական կենսամիջավայրի մի մասը ամբողջությամբ փորված է, եղեգնուտները խաթարված, իսկ տեղում ծանր տեխնիկա է կանգնած»։

Գիտնականը հարցադրում է կատարում աշխատանքների իրականացման ընթացակարգերի վերաբերյալ և ակնկալում է պարզաբանումներ լիազոր մարմիններից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Ըստ Լուբա Բալյանի.

«Ինձ պարզապես հետաքրքիր է, թե ո՞վ է թույլտվություն տվել ծանր տեխնիկայով աշխատանքներ իրականացնել միջազգային կարգավիճակ ունեցող պահպանվող տարածքում՝ բնադրման շրջանում։ Արդյո՞ք այս գործողություններից առաջ իրականացվել է փորձաքննություն, կամ որևէ խորհրդատվություն երկրում գործող մասնագետների հետ»։

Ամփոփելով իր մտահոգությունը՝ գիտնականը շեշտում է պահպանվող տարածքների կառավարման գործընթացում մասնագիտական պատասխանատվության կարևորությունը՝ նշելով, որ պետք է հետևողական լինել այն տարածքների պահպանության հարցում, որոնք ներառված են միջազգային կոնվենցիաների ցանկում։

facebook sharing button facebook