Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/6/2026
share

Ինչո՞ւ են ռուսական կայքերում կեղծ լուրեր տարածվում՝ Լերմոնտովոյի մոլոկան բնակիչներին վտարելու մասին (տեսանյութ)

Նախընտրական շրջանում ակտիվ տարածվող կեղծ խոսույթները շարունակվեցին նաև ընտրություններից հետո։ Մինչ հունիսի 5-ին Լերմոնտովոյի բնակիչները ոչ ասեցին հանքարդյունաբերողներին և մերժեցին լսումները, օրեր անց ռուսական կայքերն արագորեն տիրաժավորեցին թեման՝ գլխիվայր շուռ տալով իրականությունը։

Հունիսի 7-ին ռուսական Lenta.ru կայքում տեղ գտավ հրապարակում այն մասին, թե իբր Հայաստանի իշխանություններն ուզում են վտարել ռուս հնադավան -մոլոկաններին Լերմոնտովո գյուղից՝ հանք բացելու նպատակով:

Նյութի հեղինակ Մաքսիմ Գաբրիելյանը, հղում անելով տելեգրամյան Մաշ ալիքին, մասնավորաբար, գրել էր՝ մեջբերում «Հայաստանի իշխանություններն ուզում են վտարել ռուս հնադավան -մոլոկաններին Լերմոնտովո գյուղից՝ հանք բացելու համար» մեջբերման ավարտը։ Ակնհայտ է, թե հենց ընտրությունների օրը հրապակելով հոդվածը, ինչ նպատակ է հետապնդել պրոկրեմլյան ազդեցության այս կայքը։

Նյութի բովանդակությունն ամբողջովին սուտ է և չի համապատաասխանում իրականությանը,- այսպես արձագանքեց Մարգահովտից Էմիլիա Մարտիրոսյանը, ով լսումների օրը նույնպես ներկա էր։

Ասաց՝ սա ավելի շատ հայ և ռուս ժողովուրդների միջև թշնամանք սերմանելուն ուղղված քայլ է, որովհետև Լերմոնտովոյի բնակչության կազմը բազմազգ է։ Տարիներով մոլոկանների հետ կողք-կողքի ապրում են նաև հայեր և եզդիներ և երբեք այստեղ նման կեղծ խոսույթներ չեն շրջանառվել․

«Չեմ կարող ասել, թե այս ինֆորմացիայի հիմքը որտեղի՞ց է գալիս, համայնքի՞ց են նրանց նման տեղեկություն տրամադրում, թե՞ դրսից են արհեստականորեն այսպիսի տրամադրություններ փորձում գեներացնել ինչ-ինչ հեռանկարներով, չեմ կարող ասել, բայց հստակ է մի բան, սա ապատեղեկատվությունը է։ Այդ լսումները ընդհանրապես կապ չունեին ազգային փոքրամասնության հետ։ Գուցե սա արվում է 2 ազգերի հրահրելու համար, բայց իրենց սա չի հաջողվելու։ Հայերի հետ մոլոկանները ապրում են ավելի քան 200 տարի, և շատ լավ բարիդրացիական հարաբերություններ են ձևավորվել։ Այսինքն, եթե այս ապատեղեկատվությունը այդ հեռանկարն ունի կոնֆլիկտ ստեղծելու, նրանց մոտ չի հաջողվելու հաստատ»։

Նույն օրը, գրեթե 1 ժամվա տարբերությամբ մեկ այլ ռուսալեզու կայքում նույնաբովանդակ լուր հայտնվեց՝ Վիկտորյա Սամոյլենկոյի հեղինակմամբ։ Եթե նախորդի դեպքում ուղիղ նշանառության տակ իշխող ուժն էր, 2 րդում՝ սլաքներն ուղղվել էին Լերմոնտովոյի համայնքային իշխանություններին։ 2017-ից գործող առցանց կայքի գրանցման ժամկետը, ըստ դոմեյնների գրանցման հարթակի, սպառվում է այս տարվա նոյեմբերին, գրանցողը, գրեթե, նույնանման անուն ունի, ինչ Lenta.ru-ի դեպքում։

 

 Ուշագրավ է, որ 2 հոդվածներն էլ նույն կերպ են եզրափակվում՝ իբր մեջբերում՝ «․․․լսումներից հետո Լերմոնտովո են եկել Լոռու մարզպետարանից և իշխող կուսակցությունից, ովքեր բնակիչներին կանգնեցրել են ընտրության առաջ․ կամ համաձայնել հանքի բացմանը, կամ կանգնել վտարման վտանգի առաջ», ինչից եզրահանգում ենք, որ 2 դեպքում էլ հիմնվել են ոչ թե պաշտոնական  աղբյուրների, այլ տելեգրամ ալիքի հրապարակման վրա։ Լերմոնտովոյի համայնքապետ Էդիկ Չախալյանն ասաց՝ մինչ լսումները որևէ լրատվամիջոց իր հետ կապ չի հաստատել։

«Քաղաքացու Ձայն»-ը մեկնաբանություններ է խնդրել Լոռու մարզպետի աշխատակազմից։ Առաջարկել են գրավոր դիմել։ Հարցումն ուղարկվել է։ Պատասխան ստանալուն պես՝ կհրապարակենք։

Լերմոնտովոյի բնակիչ Կարեն Պողոսյանը «Քաղաքացու Ձայն»ի հետ զրույցում ասաց՝ երբեք նման խոսակցություններ չեն եղել․ «Միշտ ապրել ենք հաշտ համերաշխ բոլորով։ Մենք այդ օրը մեր խոսքն ենք ասել, որ հանք չենք ուզում։ Լսումներից հետո ոչ ոք գյուղ չի եկել»։

«Քաղաքացու Ձայն»-ը զրուցեց նաև Լերմոնտովոյի համայնքապետ Էդիկ Չախալյանի հետ։ Նա անամոթ սուտ որակեց այս լուրերը։ Հերքեց լուրերը՝ թե լսումներից հետո մարզպետարանից եկել ու սպառնացել են մոլոկաններին։ Չախալյանի խոսքով՝ իրեն ռուսական այլ ԶԼՄ-ներից են զանգահարել։ Տեղեկացրել է, որ այդ դրանք կեղծ լուրեր են։ Զանգ է ստացել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից

«Ինձ զանգեցին Մոսկվայից՝ «Նովոյե Վրեմյա»-ից, դեսպանատնից։ Ես իրենց ասեցի՝ դա պրովոկացիա է՝ ընդդեմ ընտրությունների։ Մեզ մոտ նման բան չկա, ի՞նչ եք խոսում։ Ասին՝ կզեկուցենք մեր վերադասին, որ  նման բան չկա։ Ասեցի՝ դա լրիվ կազմակերպված է։ Ինչ որ մի մարդ կա, նա է տարածել։  Այդ պրոցեսը Փաշինյանի դեմ է` ուղիղ ասեցի իրենց։ Մենք մոլոկաններին ձեռքերի վրա ենք պահում։ Շատ վիրավորվել էի։ Այդ գիշեր չքնեցի, ասեցի՝ առավոտ վեր կենամ, ես պիտի դատարան տամ դրանց։ Ի՞նչ իրավունք ունեք դուք լոժնի ինֆորմացիա տաք։ Մտքովս անցավ, ասեցի, եթե մարզպետը  զանգի, ես կգնամ իր մոտ, կբացատրեմ»։

Չախալյանը կասկածներ ունի այս կեղծ տեղեկությունները սոցցանցերի միջոցով օտարերկացիներ են տարածել, որ իր տեղեկություններով, վերջերս են բնակություն հաստատել այստեղ։

Ռուսական կայքերում տեղ գտած լուրը իրավապաշտպան-բնապահպան Օլեգ Դուլգարյանը ապատեղեկություն որակեց։ Ասաց՝ ընտրություններից 1 ամիս առաջ մարդիկ եկել են, հավանաբար ՌԴ-ից, ովքեր բնակություն են հաստատել տարածքում և սոցցանցերում ակտիվորեն սկսել են շրջանառել կոչեր բնակիչների շրջանում՝ տարածքից դուրս գալու և իրենց իրավունքները պաշտպանելու մասին՝ իբր հանքերի բացման վտանգներից ելնելով, մինչդեռ նման խնդիր չկա։ Հավանական է համարում, որ հենց նրանց տարածած այս ապատեղեկությունն են տիրաժավորել պրոկրեմլյան կայքերը։

«Կարևոր եմ համարում նշել մի հանգամանք, որ տվյալ տարածաշրջանում, որտեղ  տեղակայված է Լերմոնտովո գյուղը, մոտավորապես 1 ամիս առաջ ինչ- որ  օտարերկրյա քաղաքացիներ են սկսել բնակվել, երևի թե ՌԴ քաղաքացիներ։ Ակնհայտ իրենց գրառումներից երևում էր, որ պրոկրեմլյան տրամադրություններ են կրում և սկսեցին շրջանառել մի խնդիր՝ բնապահպանական, որը վերաբերվում էր այդ տարածաշրջանին։ Եթե չեմ սխալվում 2021 թ-ին ցանկանում էին  Փամբակ, Վահագնի, Մարգահովիտ տարածքներում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնել՝ ոսկու պաշարներ գտնելու համար։ Այդ ժամանակ բոլոր այդ գյուղերի բնակիչները բոյկոտեցին և թույլ չտվեցին, որ հանրային քննարկումները այդ թեմայով անցկացվեն և  նախագիծը տապալվեց։ Դրանից հետո այդ տարածքներում ոսկի փնտրելու խնդրին որևէ մեկը չի անդրադարձել։ Բայց այդ հայտնված մարդիկ սկսել էին բարձրացնել այս հարցը՝ կարծես թե խնդիրը այժմեական է, մեր օրերի հետ կապ ունի, ինչը շատ տարօրինակ էր։ Խոսում են նաև տվյալ տարածաշրջանի համար հետևանքների մասին,  կոչեր էին անում, որ մարդիկ դուրս գան և պայքարեն իրենց շրջակա միջավայրի պաշտպանության համար։ Մի տարածքում, մի խնդրի համար, որը գոյություն չուներ։ Եվ հասարակության մեջ ստեղծում է տպավորություն, թե էլի եկել են և այդ տարածքներում ոսկի են փորձում փնտրել։ Այդ շրջանառվող տեղեկության մեջ հետաքրքիրն այն էր, որ երբ  2021թ-ին չկարողացան ոսկու ծրագիր իրականացնել, դա վերագրում էին ՌԴ իշխանություններին՝ ի դեմս իրենց դեսպանության, իբր ռուսները թույլ չեն տվել, որ այդտեղ հանք բացվի, տպավորություն ստեղծելու համար, թե ինչքան կարևոր է ռուսների դերը այնտեղ, բայց նման բան չկա։ Տարածաշրջանի ակտիվիստները, իրավապաշտպանները պայքարեցին և թույլ չտվեցին։ Հիմա այնպիսի տպավորություն է, որ  ռուսական մամուլում տարածվող այս տեղեկության միջև և ինչը որ նկարագրեցի, հնարավոր է ինչ-որ կապ լինի»։

Համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանն ասում է Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հանքը գործել է։ Մեծ մեքենաները բարձած տանում էին, ասում է։ Քանի, որ ոսկու գինը բարձրացել է, ենթադրում է, որ կրկին հանքով հետաքրքրվողներ են հայտնվել։ Լսումների նախորդ օրն, ասաց, իր մոտ են եկել 2 մոլոկան երիտասարդներ և ասել, որ հանքը պիտի բացվի, իրենք պիտի աշխատեն այնտեղ և խնդրել են աջակցել այդ հարցում՝ որպես համայնքի ղեկավար։ Լերմոնտովոյի համայնքապետը մտադիր է դատի տալ սուտ ու կեղծ տեղեկություն տարածողներին։

 

 

Մանրամասն՝ տեսանյութում։

facebook sharing button facebook