
ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրությունները անցկացվել են բազմակարծիք և խիստ բևեռացված միջավայրում: Դրանք ընտրողներին ապահովել են քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրություն կատարելու հնարավորությամբ՝ ընդհանուր առմամբ լավ կազմակերպված գործընթացի պայմաններում։ Ընտրության օրը անցել է կազմակերպված և հանգիստ, չնայած իշխանությունների կողմից հաղորդված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մի շարք քրեական մեղադրանքներին և քննություններին։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում։
Ըստ զեկույցի՝ «քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպես նաև ձայների գնման և ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրել են ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթների հարուցմանը, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց»։
Բացի այդ՝ քարոզարշավի ընթացքում արձանագրվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների խստացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որը նպատակ ուներ հօգուտ ընդդիմադիր ուժերի ոչ պատշաճ կերպով ազդել ընտրողների վրա։
«Այս հանգամանքները, ինչպես նաև պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումները և վերջերս ներդրված սոցիալական և տնտեսական միջոցառումները, մտահոգություններ են առաջացրել քարոզչություն իրականացնելու հնարավորությունների հավասարության առնչությամբ», -ասված է զեկույցում։
Անկողմնակալ և վստահելի տեղեկատվություն ստանալու ընտրողների հնարավորությունների վրա բացասաբար են ազդել բևեռացված մեդիա միջավայրը, կողմնակալ լրատվական լուսաբանումը և մանիպուլյատիվ բովանդակության կիրառմամբ պառակտող առցանց քարոզարշավը։
Զեկույցի հեղինակները արձանագրել են՝ քաղաքական բանավեճերը կենտրոնացած էին «խաղաղություն, թե՞ պատերազմ» երկընտրանքի շուրջ ձևավորված պառակտող նարատիվների, Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» իրականացման, շարունակվող սահմանադրական բարեփոխումների, ինչպես նաև երկրի ապագա աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ մրցակցող տեսլականների շուրջ։
Ընտրություններից առաջ այս պառակտումը շահարկվել է որպես ուղղակի ճնշման և արտաքին միջամտության հիմք․ Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք սպառնացել են տնտեսական և անվտանգության ոլորտներում հետևանքներով, եթե Հայաստանը որոշի խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։ Սա տեղի է ունեցել Հայաստանի դեմ ուղղված հիբրիդային սպառնալիքների աճի և համակարգված արտաքին ազդեցության գործողությունների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված հաղորդումների ֆոնին։
Իրավիճակն առավել բևեռացվել է կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդության միջև առկա լարվածությամբ, ինչպես նաև մի շարք հայտնի ընդդիմադիր և կրոնական գործիչների նկատմամբ հարուցված քրեական վարույթներով, ներառյալ նախնական կալանքի կիրառմամբ, որոնք, ի թիվս այլ նպատակների, ուղղված էին սահմանադրական կարգը իշխանության բռնի զավթումից պաշտպանելուն։
Ընտրողների վերջնական ցուցակում ընդգրկված էր 2,503,976 ընտրող։ Ընտրողների գրանցման գործընթացը, ընդհանուր առմամբ, եղել է ներառական և վայելել է հանրության վստահությունը, իսկ ընտրողներին տրամադրվել են բավարար հնարավորություններ՝ ստուգելու իրենց տվյալները և ներկայացնել ուղղումների պահանջներ:
Թեև ընտրություններից առաջ ընտրացուցակներում ընդգրկվել են շուրջ 20,101 վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած տեղահանված հայ փախստականներ, ևս 6,000 դիմում ընտրության օրվա դրությամբ մնացել էր չքննված։ Որոշ շահագրգիռ կողմեր դա վերագրել են դանդաղ և բյուրոկրատական ընթացակարգերին, ինչի հետևանքով այդ դիմորդները զրկվել են քվեարկելու հնարավորությունից։ Ի հեճուկս միջազգային չափանիշներին և ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից նախկինում ներկայացված առաջարկություններին՝ դատարանի որոշմամբ անգործունակ ճանաչված քաղաքացիները զրկվել են ընտրելու իրավունքից։
Վարչական ռեսուրսների օգտագործման մասին
ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն տեղական մակարդակում վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում չի արձանագրել, սակայն դիտարկել և ստացել է բազմաթիվ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպես արժանահավատ, իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։ Այս հանգամանքը, ինչպես նաև վերջերս ներդրված կամ նախաձեռնված սոցիալական և տնտեսական միջոցառումները, առավելություն են ստեղծել իշխող կուսակցության համար և խաթարել են քարոզչություն իրականացնելու հավասար հնարավորությունները, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին։ Միևնույն ժամանակ, առկա էին մի քանի պնդումներ, ըստ որոնց՝ որոշ տնտեսական դերակատարներ ճնշում են գործադրել ընտրողների վրա՝ ի շահ ընդդիմադիր կուսակցությունների։ Հնչել են բազմաթիվ մեղադրանքներ ընտրկաշառքների և ընտրական այլ խախտումների վերաբերյալ, որոնք իշխանություններն ակտիվորեն քննության են առել։ Սակայն այդ քննությունները հիմնական ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների և թեկնածուների մոտ ձևավորել են օրենքի ընտրովի կիրառման ընկալում և մտահոգություններ առաջացրել քարոզարշավի հետագա ընթացքի վերաբերյալ:
Կանայք կազմել են թեկնածուների 37.3 տոկոսը
Չնայած ընտրությունների վարչարարությունը իրականացնող մարմինների և խորհրդարանի համար սահմանված գենդերային քվոտաներին, ինչպես նաև ղեկավար մարմիններում գենդերային հավասարակշռություն պահպանող կուսակցությունների համար նախատեսված ֆինանսական խթանների ներդրմանը՝ կանանց մասնակցությունը հանրային և քաղաքական կյանքում շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա: Ընտրական ցուցակում առնվազն 30 տոկոս յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչ ունենալու պահանջին համապատասխան՝ կանայք կազմել են թեկնածուների 37.3 տոկոսը, սակայն ընտրական ցուցակներից ոչ մեկը կին չի գլխավորել։ Նախընտրական ֆինանսավորման իրավական կարգավորումների օրենսդրական դաշտում կատարված փոփոխություններով ընդլայնվել է նախընտրական ծախսերի սահմանումը, բարձրացվել են նվիրատվությունների և ծախսերի սահմանաչափերը, ինչպես նաև վերաբաշխվել են վերահսկողական լիազորությունները։ Այնուամենայնիվ, ընտրական օրենսդրությունում և դրա կիրառման շրջանակներում շարունակում են պահպանվել մի շարք բացեր, որոնք սահմանափակում են կուսակցությունների և նախընտրական ֆինանսավորման թափանցիկությունը և հաշվետվողականությունը:
Լրագրողների մասին
Սահմանադրությունը երաշխավորում է արտահայտվելու ազատությունը և լրատվամիջոցների ազատությունը։ Լրատվական միջավայրը բազմակարծիք է, սակայն շարունակում է մնալ բևեռացված և սահմանափակված՝ գովազդային շուկայի կրճատման և դրա նեղ կենտրոնացվածության պատճառով, ինչը խաթարում է լրատվամիջոցների ֆինանսական կայունությունը և դրանք խոցելի է դարձնում քաղաքական ազդեցության նկատմամբ, մինչդեռ լրատվամիջոցների սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության վերաբերյալ իրավական պահանջները շարունակում են մնալ անբավարար։ Թեև զրպարտությունը և վիրավորանքը ապաքրեականացված են, նախընտրական ժամանակահատվածում մի շարք լրագրողներ բախվել են զրպարտության վերաբերյալ քաղաքացիական հայցերի, բանավոր հարձակումների, սպառնալիքների և իրենց գործունեությանը խոչընդոտելու դեպքերի, ինչը բացասաբար է ազդել քաղաքական թեմաներով լուսաբանման միջավայրի վրա։ ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից իրականացված լրատվամիջոցների մոնիտորինգը ցույց է տվել, որ լրատվամիջոցների մեծ մասն օգտագործվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից՝ փոխադարձ վիրավորանքները և պառակտող քարոզչական հռետորաբանությունը տարածելու նպատակով՝ քիչ ուշադրություն դարձնելով նրանց ծրագրերի բովանդակային վերլուծությանը։ Հանրային հեռուստաընկերությունը կատարել է յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) 90 րոպե անվճար եթերաժամ տրամադրելու վերաբերյալ իր իրավական պարտավորությունը, սակայն միաժամանակ ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է նրա իրավական պարտավորություններին և հանրային առաքելությանը։ Մի շարք մասնավոր լրատվամիջոցներ բացասական լույսի ներքո են ներկայացրել կառավարությանը և բարենպաստ լուսաբանում են ապահովել ընտրված ընդդիմադիր կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար։ Այս բոլոր հանգամանքները միասին սահմանափակել են ընտրողների իրազեկված ընտրություն կատարելու հնարավորությունը։
Ընտրության Օր
Ընտրության օրը անցել է կազմակերպված և հանգիստ, իսկ դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում գործընթացը գնահատվել է դրական: Այս ընտրատեղամասերի ՏԸՀ-ների անդամների շրջանում կանայք լայնորեն ներկայացված էին՝ կազմելով անդամների 70 տոկոսը և նախագահների 51 տոկոսը: Մատչելիությունը շարունակում էր մնալ լուրջ խնդիր․ դիտարկված ընտրատեղամասերի միայն 45 տոկոսն էր գնահատվել որպես հասանելի հաշմանդամություն ունեցող ընտրողների համար, մինչդեռ դիտարկումների 27 տոկոսում ընտրատեղամասի դասավորությունը նրանց համար հարմար չէր: Ընտրատեղամասերում տեղադրվել էին տեսախցիկներ, որոնք ապահովում էին ուղիղ հեռարձակում՝ հնարավորություն տալով հետևել քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացներին։
Ընտրատեղամասերի բացման գործընթացը 188 դիտարկումներից 183-ում գնահատվել է դրական: Ընտրատեղամասերը բացվել են ժամանակին, և ՏԸՀ-ները հետևել են սահմանված ընթացակարգերին: Դիտարկված ընտրատեղամասերի 5 տոկոսում ոչ լիազորված անձինք, հիմնականում ընտրական գործընթացի մասնակիցների վստահված անձինք, միջամտել են ՏԸՀ-ների աշխատանքին։
Քվեարկության գործընթացը դիտարկվել է 1653 դեպքերում՝ 1403 ընտրատեղամասերում, և դիտարկումների 98 տոկոսում այն գնահատվել է դրական՝ որպես կանոնավոր, թափանցիկ և արդյունավետ: Բացասական գնահատականները հիմնականում պայմանավորված էին գերբեռնվածությամբ, ոչ պատշաճ դասավորությամբ և ընտրական գործընթացի մասնակիցների վստահված անձանց միջամտությամբ: Արձանագրվել են առանձին ընթացակարգային խախտումներ, այդ թվում՝ դիտարկումների 2 տոկոսում քվեատուփերը պատշաճ կերպով չեն կնքվել: Դիտարկումների 6 տոկոսում ընտրատեղամասերի ներսում կամ դրանցից 50 մետր շառավղով նկատվել են քարոզչական նյութեր կամ քարոզչական գործունեություն: Դիտարկումների 9 տոկոսում ՏԸՀ-երը գրանցել են բողոքներ կամ ՏԸՀ անդամների, դիտորդների կամ վստահված անձանց հատուկ կարծիքներ, որոնցից շատերը վերաբերում էին ենթադրյալ խախտումներին։
Քվեարկության գաղտնիությունը հիմնականում պահպանվել է, թեև դիտարկված ընտրատեղամասերի 4 տոկոսում ընտրողները միշտ չէ, որ գաղտնի պայմաններում են ընտրել իրենց քվեաթերթիկը: Բացի այդ, խմբակային քվեարկություն և այլ անձի փոխարեն քվեարկություն արձանագրվել են դիտարկումների համապատասխանաբար` 3 և 2 տոկոսում: Դիտարկումների շուրջ 4 տոկոսում ընտրողները քվեախցիկից դուրս են բերել չօգտագործված քվեաթերթիկները, ինչը հակասում է սահմանված ընթացակարգերին: Այս խնդիրները, ըստ երևույթին, հիմնականում պայմանավորված էին ընտրողների, հատկապես տարեց ընտրողների, կողմից ընթացակարգերի ոչ բավարար ըմբռնմամբ և ընտրատեղամասերի գերբեռնվածությամբ: Ընտրողների նույնականացման սարքերը (ԸՆՍ) արդյունավետ են գործել դիտարկված գրեթե բոլոր ընտրատեղամասերում: Տեխնիկական խնդիրները սահմանափակ բնույթ են կրել, թեև մի շարք դեպքերում արձանագրվել են անհամապատասխանություններ ԸՆՍ-երի տվյալների և ընտրողների թղթային ցուցակների միջև։
Ընտրական գործընթացի մասնակից քաղաքական ուժերի վստահված անձինք հիմնականում՝ «Ուժեղ Հայաստան»-ից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ներկա են եղել դիտարկված ընտրատեղամասերի 98 տոկոսում (համապատասխանաբար` 90 և 87 տոկոս ներկայացվածությամբ): Քվեարկության գործընթացին միջամտություն արձանագրվել է դիտարկումների 6 տոկոսում, հիմնականում նշված երկու քաղաքական ուժերի վստահված անձանց կողմից, որոնք դուրս են եկել իրենց դիտորդական գործառույթների շրջանակից: Քաղաքացիական դիտորդները ներկա են եղել դիտարկումների 52 տոկոսում: Ներկայության իրավունք չունեցող անձինք նկատվել են ընտրատեղամասերի 4 տոկոսում, հիմնականում ոստիկանության աշխատակիցներ, թեև դա հազվադեպ է ազդել քվեարկության ընթացքի վրա։
Ձայների հաշվարկը դրական է գնահատվել դիտարկված 158 ընտրատեղամասերից 144-ում և ընդհանուր առմամբ եղել է թափանցիկ և արդյունավետ: Որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են ընթացակարգային թերություններ: 29 դիտարկումների ընթացքում ստորագրությունների թիվը չի համապատասխանել ԸՆՍ-ի կողմից տպագրված հաստատման կտրոնների թվին: Ավելի լուրջ խախտումների թվում էին 11 դիտարկման ընթացքում ՏԸՀ անդամ չհանդիսացող անձանց անմիջական մասնակցությունը ձայների հաշվարկին և 6 դեպքում՝ նախապես ստորագրված արձանագրությունների օգտագործումը։
ՄԸԴԱ-ի դիտորդները դրական են գնահատել արդյունքների ամփոփման գործընթացը 50 դիտարկումներից 43-ում: Սակայն ամբողջ երկրի տարածքում գործող 38 ԸԸՀ-երից 11-ում, ԿԸՀ-ի բանավոր ցուցումների հիման վրա, կիբեռանվտանգության նկատառումներով ՄԸԴԱ-ի դիտորդներին արգելվել է հետևել տվյալների մուտքագրման գործընթացին, ինչը նվազեցրել է թափանցիկությունը: Ընտրական նյութերի ընդունումը գնահատվել է որպես մասնագիտական, սակայն արձանագրվել է գերբեռնվածություն: Մասնակցության ցուցանիշը կազմել է 58,97 տոկոս։
Ընտրատեղամասերի փակման պահին ԿԸՀ-ն հայտնել է ընտրության օրը ներկայացված 23 բողոքի մասին: Իրավապահ մարմինները ձեռնարկել են մի շարք գործողություններ՝ կապված ձայների ենթադրյալ գնման և այլ իրավախախտումների հետ: Քվեարկությունից հետո ընդդիմության ներկայացուցիչները պնդել են, որ այդ միջոցառումները ընտրովի կերպով ուղղված են եղել իրենց աջակիցների դեմ։
Նախնական զեկույցի ամբողջական տարբերակն՝ այստեղ։

