
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 23 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ կալանավորը հրաժարվում է բժշկական որևէ զննությունից։ Նրա պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը հայտնում է, որ երկու օր առաջ կատարած այցի ժամանակ իր պաշտպանյալը եղել է ծայրահեղ հյուծված վիճակում։
Ըստ փաստաբանի՝ հացադուլավորների մոտ 14-օրյա շեմը անցնելուց հետո մահվան վտանգ է առաջանում, երբ կյանքը ցանկացած պահի կարող է դադարել, ուստի նման անձինք պետք է լինեն բժիշկների մշտական հսկողության ներքո կամ տեղափոխվեն մասնագիտացված բուժհաստատություն։ Բժշկական զննությունից Օսիպյանի հրաժարվելը պաշտպանը որակում է որպես բողոքի ձև, իսկ հանրային շրջանակներում նրա ազատ արձակման պահանջը գնալով ավելի մեծ հնչեղություն է ստանում, քանի որ մեկ տասնյակից ավելի քաղհասարակության ներկայացուցիչներ արդեն երաշխավորագրեր են ներկայացրել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ իշխանությունները ծանոթ են խնդրին և հույս ունեն, որ լուծում կգտնվի, սակայն իրավապաշտպանների մեծ մասը պնդում է, որ Օսիպյանի կալանավորումը իրավական հիմքեր չունի և նա քաղբանտարկյալ է։
Ամբողջ այս պատմությունը սկսվել է Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպից, երբ Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Օսիպյանը կոշտ բանավեճի էին բռնվել, և վարչապետը վերջինիս «փախած» էր անվանել։
Հացադուլի սկզբից Օսիպյանը հայտարարել է, որ այն կդադարեցնի միայն այն դեպքում, եթե վարչապետը ներողություն խնդիր իրենից, սակայն վերջինս հրապարակավ մերժել է այդ հնարավորությունը՝ նշելով, թե ներողություն պետք է խնդրի հենց Օսիպյանը։ Այժմ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանում ակնկալում է խափանման միջոցի վերացում կամ մեղմացում, մինչդեռ ժամանակը աշխատում է հացադուլավորի դեմ։
Տեղեկությունը «Factor TV»-իի
Լուսանկարը՝ «Հետք»-ի

