Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/6/2026
share

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է հունիսի 7 –ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականները

2026թ․ խորհրդարանական ընտրությունների և դրան նախորդած քարոզարշավի ընթացքում ամենամեծ խնդիրը եղել է ընտրակաշառքը և Ռուսաստանի ազդեցությունը։ Այս մասին հայտարարեց «Անկախ դիտորդ» առաքելության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Ինչ վերաբերում է ընտրության օրը արձանագրված խախտումներին, Իոաննիսյանը նշեց, որ իրենց դիտորդները արձանագրել են 156 ընթացակարգային խախտում, 122՝ քվեարկության գաղտնիության խախտում, 121՝ վերահսկմանն ուղղված գործողություն, 59՝ քարոզչության դեպք, ինչպես նաև 48 դեպք, երբ վստահված անձանց նախատեսվածից ավելի քանակ է եղել տեղամասում, և ներկայացվել է հանցագործության մասին 4 հաղորդում։

 

«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները՝ Ազգային ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկների բացակայության և ժամը 20:00-ից հետո զինծառայողների քվեարկության հիմքերով։ Միաժամանակ, Դանիել Իոաննիսյանը կտրականապես հերքում է ընտրությունների արդյունքների կեղծումը՝ իր ֆեյսբուքյան էջում շեշտելով. «Հաշվարկն իրականացնող ընտրական հանձնաժողովների անդամների կեսը (8–ից 4–ը) ընդդիմությունից է նշանակված։ Բոլոր տեղամասերում եղել են հիմնական ընդդիմադիր ուժերի վստահված անձինք։ Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելու արժանահավատ ահազանգ»։

 

Իր հերթին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցը գնահատել է ընտրությունները որպես ազատ և արդար՝ նշելով, որ դրանք արտացոլել են քվեների իրական պատկերը, թեև ընտրակաշառքն իր որոշակի ազդեցությունը ունեցել է։ Անդրադառնալով ընտրողների վարքագծին՝ Սաքունցը նշեց. «Ընտրողները ոչ թե վախի համար են քվեարկել, այլ որոշումների կայացման մեջ նշանակություն ունենալու համար, սա էական տարբերվում է նախորդ ժամանակներից»։ Սաքունցի դիտարկմամբ՝ թեև ապատեղեկատվությունը և ՌԴ-ի կողմից տնտեսական ճնշումները ազդեցություն ունեցել են, այնուամենայնիվ, նշված տեղամասերում վերաքվեարկությունները էական փոփոխության չեն բերի անցողիկ շեմը հաղթահարած և չհաղթահարած ուժերի հարաբերակցության վրա։

facebook sharing button facebook