Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/6/2026
share

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրախախտումներ չի հայտնաբերել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա

Անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հունիսի 7-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի հայտնաբերել ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Այդ մասին հայտարարել է դիտորդական առաքելության ղեկաբար Նուրլան Սեյտիմովը։

«Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունները անցկացվել են ՀՀ Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան։ Դրանք կայացել են բազմակուսակցական հիմքի վրա, եղել են բաց և մրցակցային»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Սեյտիմովը՝ ամփոփելով ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքները։

«Տեխնիկական սարքավորումներն ընդհանուր առմամբ անխափան աշխատում էին։ Ընտրատեղամասերի բացարձակ մեծամասնությունում կիրառվել է տեսահսկման համակարգ։ Ձայների հաշվարկի ընթացակարգն ընթացել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան»,- նշել է նա՝ հավելելով, որ դիտորդներն ընտրությունների օրը Հայաստանի 9 մարզերում և Երևանում այցելել են ավելի քան 850 ընտրատեղամաս։

Սեյտիմովը նաև հավելել է, որ դիտորդների կողմից արձանագրված առանձին բացթողումները կրել են տեխնիկական բնույթ ու օպերատիվ կերպով վերացվել են տեղամասային հանձնաժողովների կողմից: «Խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, առաքելության կողմից չեն հայտնաբերվել»,- եզրափակել է ղազախ պաշտոնյան, որը 2024 թվականի ապրիլից զբաղեցնում է ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

facebook sharing button facebook