
Քվեարկության օրը Գեղարքունիքի մարզի ընտրատեղամասերի հարակից տարածքներում շարունակում են մնալ քաղաքական ուժերի քարոզչական պաստառները, ինչպես նաև արձանագրվում են կուսակցական խորհրդանիշներով կայանված ավտոմեքենաներ։
Պաստառներ՝ շենքերի պատերին և էլեկտրասյանը։
Գավառ քաղաքի 19/12 ընտրատեղամասի դիմացի և հարակից բնակելի շենքերի պատերին փակցված են տարբեր կուսակցությունների ու դաշինքների քարոզչական պաստառներ։ Մասնավորապես, տարածքում առկա են Նիկոլ Փաշինյանի, Գագիկ Ծառուկյանի և Սամվել Բաբայանի պատկերներով քարոզչական նյութեր։
Բացի այդ, անմիջապես տեղամասի դիմաց գտնվող էլեկտրասյան վրա փակցված է Նիկոլ Փաշինյանի փոքր չափի պաստառը։ Ըստ տեղացիների՝ մինչ քվեարկության օրը նշված տարածքից հեռացվել է միայն Էդմոն Մարուքյանի պաստառը, իսկ մյուս քաղաքական ուժերի նյութերը մնացել են անփոփոխ։
Կուսակցական լոգոներով մեքենաներ՝ տեղամասի մուտքի դիմաց
Խախտումներ են արձանագրվել նաև Կարմիրգյուղ համայնքում։ Այստեղ գտնվող 19/20 ընտրատեղամասի մուտքի ուղիղ դիմաց կայանված են եղել ավտոմեքենաներ՝ կուսակցությունների լոգոներով և խորհրդանիշներով։
Նմանատիպ դեպքեր, երբ կուսակցական քարոզչանյութեով մեքենաներ են կայանվում տեղամասային կենտրոնների մոտակայքում, արձանագրվել են նաև այլ տարբեր վայրերում։
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում քարոզչական նյութեր, խորհրդանիշներ պարունակող պաստառներ կամ նմանատիպ այլ նյութեր, այդ թվում՝ բրենդավորված մեքենաներ գտնվել չեն կարող։ Դրանց հեռացումը տեղամասի հարակից տարածքից պետք է ապահովեն ՏԿԵՆԸ, տեղամասային հանձնաժողովն ու ոստիկանությունը։

