
Ընտրական հանձնաժողովի 2 նախագահ և մեկ քարտուղար ձերբակալվել են։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով ընտրատեղամասերում մեկնարկած աշխատանքները։
«Բոլոր ընտրատեղամասերն իրենց աշխատանքները սկսել են առավոտյան ժամը 07։00-ից, առավոտյան 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրող քաղաքացիներին։ Ժամը 08։00-ի դրությամբ 2005 տեղամասերից 48-ում հանձնաժողովի անդամներ են բացակայել։ Ընդհանուր 50 բացականերից 3-ը հանձնաժողովների երկու նախագահներ ու մեկ քարտուղար են, որոնց չներկայանալու պատճառը քրեաիրավական գործընթացներն են։»,- ասել է նա։
Նա հավելել է, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս գործընթացը շարունակել, եթե նույնիսկ ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկը բացակայում է։ Անհրաժեշտության դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահները նոր անդամ են նշանակում։
Նա այլ մանրամասներ չի հայտնել ձերբակալման վերաբերյալ։
Վահագն Հովակիմյանի խոսքով՝ այս ընթացքում տեղամասերում որոշ տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել, որոնք հընթացս արագ լուծվել են։ Ընդհանուր առմամբ, քվեարկությունն ընթանում է բնականոն հունով։
ԿԸՀ նախագահը խոսել է նաև, թե ինչ պատժամիջոց է սպասվում այն քաղաքացիներին, որոնք կփորձեն թերթիկը լուսանկարահանել կամ ընտրատեղամասից դուրս հանել։
«Նախ, չի՛ կարելի ոչ նկարել, ոչ քվեարկության գաղտնիությունը որևէ կերպ խախտել։ Քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն։ Ամենակարևորը՝ քվեարկության ընթացքում չի կարելի օգտագործել գրիչ, դրա կարիքը չկա։ Եթե որևէ նշում լինի ծրարի կամ քվեաթերթիկի վրա,ապա այդ քվեարկությունը համարվելու է անվավեր։ Եվ հետո, ընդհանրապես, քվեաթերթիկը լուսանկարահանելու ձգտումը չեմ հասկանում, քվեախցիկում բազմաթիվ թերթիկներ կան, որն ուզի՝ կնկարի։ Համակարգը քվեարկության ընթացքի ապօրինի վերահսկումը բացառում է»,-ասել է նա։

