
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) Ադրբեջանի մերձեցմանը, ինչպես նաև կցանկանար Բաքվին տեսնել Եվրասիական զարգացման բանկի կազմում: Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:
Ելույթ ունենալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին նվիրված քննարկմանը՝ Գալուզինն ասել է, որ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի մերձեցումը կնպաստեր եվրասիական տարածաշրջանում առկա գործարար կապերի ամրապնդմանը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենար երկրի տնտեսության վրա: «Այդ պարագայում երկիրը (Ադրբեջանը) հասանելիություն կստանար ապրանքների ընդհանուր շուկայի առավելություններին և կկարողանար զարգացնել համագործակցությունը տրանսպորտի, ծառայությունների և ներդրումների ոլորտներում», - նշել է Գալուզինը՝ ցանկություն հայտնելով Ադրբեջանին տեսնել նաև Եվրասիական զարգացման բանկի բաժնետերերի կազմում:
ՌԴ փոխարտգործնախարարի համոզմամբ՝ նման քայլը, բանկի միջոցների ներգրավման հաշվին, կհանգեցներ Ադրբեջանում խոշոր ծրագրերի ֆինանսավորման դիվերսիֆիկացմանը:
2024 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկիրը չի պատրաստվում անդամակցել ԵԱՏՄ-ին։ Ընդ որում, նա չի բացառել ապագայում միությանը միանալու հնարավորությունը. որոշումները կախված կլինեն այն բանից, թե մերձեցումից տնտեսական ինչ լրացուցիչ օգուտներ կստանա Ադրբեջանը։ Ալիևի խոսքով՝ շահավետ առաջարկների բացակայության դեպքում Բաքուն կբավարարվի համագործակցության ներկայիս մակարդակով:

