Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/6/2026
share

Քննչական գործողություններ՝ Armat Media-ում. առգրավվել են համակարգիչները, կապարակնքվել են խմբագրության դռները

Այսօր՝ հունիսի 5-ին քննչական գործողություններ են իրականացվել Armat Media-ի խմբագրությունում։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Հետքին» հայտնեց, որ գործողությունները կատարվել են նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այդ վարույթով է անցնում Armat Media-ի սեփականատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։ Նա հունիսի 3-ին կալանավորվել էր երկու ամսով։

Armat Media-ի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խմբագրությունում իրականացված քննչական գործողություններին, ասել է, որ տարել են խմբագրության 4 մոնտաժային համակարգիչները և նոթբուքերը. «Ստացվում է, որ մենք այլևս բացարձակ չենք կարող աշխատել։ Մենք կտրվում ենք ուղիղ եթերի հնարավորությունից, կտրվում ենք տաղավարային հաղորդումների հնարավորությունից, կտրվում ենք յուրաքանչյուր տիպի բովանդակություն ստեղծելու հնարավորությունից»,- ասել է նա։

Նելլի Ավետիսյանը նշել է, որ քննչական գործողություններով խոչընդոտվել է մեդիայի աշխատանքը, և քաղաքական դրդապատճառներով է իրականացվել այն։ «Չի կարող մոնտաժողի համակարգչում լինել Ալիկ Ալեքսանյանին վերաբերելի ինչ-որ մատերիալ»,- նշել է խմբագիրը։

Armat Media-ի հաղորդավարներից Աղավնի Սուքիասյանն էլ ասել է, որ կապարակնքվելու են նաև խմբագրության դռները. «Այսինքն՝ մենք չենք կարողանալու մուտք գործել մեր աշխատասենյակներ, և կնքված կմնան այնքան ժամանակ, մինչև որոշում կկայացվի դրանք բացել։ Այսինքն՝ տոտալ պարալիզացում»,- նշել է նա։

Նելլի Ավետիսյանը հավելել է, որ ընդամենը մի քանի օր առաջ են սկսել հաղորդումներ հրապարակել. «Այդ հաղորդումները բաց հարթակ էին քաղաքական գործիչների համար։ Մենք հասցրել էինք բոլորին հրավիրել մեր տաղավար, նույիսկ՝ իշխանություններին, չնայած չեն եկել։ Սա միմիայն ազատ խոսքի դեմ տարվող քաղաքականություն է»։

facebook sharing button facebook