
«Հանրապետություն» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Գրիգոր Առաքելյանի կարծիքով՝ կան բավարար հիմքեր գրանցումն անվավեր ճանաչելու համար։
«Եթե, այնուամենայնիվ, ԿԸՀ-ն գտնի, որ իր սեփական որոշմամբ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, պահանջում ենք, որ ԿԸՀ-ն օգտվի Ընտրական օրենսգրքով սահմանված իր իրավունքներից և նման պահանջով դիմի Վարչական դատարան»,- հայտնում է նա։
Գրիգոր Առաքելյանի խոսքով՝ հիմքերը ճչուն են. որերորդ ամիսն է՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, հասարակական սեկտորի ներկայացուցիչները բարձրաձայնում են տեղի ունեցող բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա և կարող են շեշտակիորեն փոխել ընտրությունների արդյունքը.
«Խոսքն արտաքին ազդեցության, ֆինանսական թափանցիկության մասին է։ Խոսույթ կա արտասահմանից ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելով նրանց ՀՀ տեղափոխելու մասին։ Մարդիկ մեքենաներով գալիս են՝ ստիպողաբար ընտրությանը մասնակցելու, որոշ արտաքին ուժերի սրտի թեկնածուին ընտրելու և երկրի տարածքը հենց հաջորդ օրը լքելու միտումով»,- նշում է նա։

