Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/6/2026
share

«Հանք չի՛ լինելու»․ Լերմոնտովցիները տապալեցին լսումները

«Մի՛ վնասեք մեզ, այս տարածքը կենսոլորտային տարածք է, հանք չի լինելու». այսպես արձագանքեցին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի բնակիչները՝ տապալելով իրենց բնակավայրում նախատեսված հանքարդյունաբերական ծրագիր իրականացնելու վերաբերյալ հանրային լսումները։

 

Լերմոնտովոյի բնակիչները միասնական բոյկոտով մերժեցին գյուղում «ՏԱՆԴ-ԶՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հանք բացելու ծրագիրը և թույլ չտվեցին անցկացնել լսումը։ Հանդիպելով բնակչության կտրուկ դիմադրությանը՝ նախաձեռնողները հեռացան համայնքից։

 

Գյուղացիների պահանջով Լերմոնտովոյի համայնքապետարանի աշխատակազմի կողմից տեղում կազմվեց արձանագրություն, որում նշված է․

 

«2026 թ-ի հունիսի 05-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում նշանակված հանրային լսումները չկայացան, քանի որ բնակիչները դեմ էին և չէին ցանկանում, որ իրենց համայնքում հանք բացվի, և կազմակերպության ներկայացուցիչ նախաձեռնողները հեռացան»։

 

Փաստաթուղթը ստորագրեց համայնքի ղեկավար Զախարյանը։

 

Իրավապաշտպան, բնապահպան Օլեգ Դուլգարյանի բնորոշմամբ՝ համայնքն իր դիրքորոշումն արտահայտեց՝ կիրառելով ժողովրդավարության գործիքակազմ։


 

«Մարդիկ այս տարածքում այլ տեսլական ունեն»,- ասել է նա, ապա իր ֆեյսբուքյան էջում գրառում արել.

 

«ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի բնակիչները (մոլոկաններ, հայեր) մերժեցին իրենց գյուղում հանք բացելու հեռանկարը եւ թույլ չտվեցին հանրային լսումներ անցկացնել։

Նախաձեռնողները հեռացան։

Գյուղացիների պահանջով կազմվեց արձանագրություն։

Կեցցե՛ն լերմոնտովցիները,

Կեցցե՛ ուղիղ ժողովրդավարությունը»։

 

Հիշեցնենք, որ հանրային լսումներն անցկացնում էր «ՏԱՆԴ-ԶՈՒՏ» ՍՊԸ-ն, որը նախատեսում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել Լերմոնտովոյի վարչական սահմաններում գտնվող Տանձուտի երկրորդային քվարցիտների և պրոպիլիտների հանքավայրում, որը հանրությանը հայտնի է «Երկաթե գլխարկ» անվամբ։

 

facebook sharing button facebook