Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/6/2026
share

Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց մի համաձայնագրով, որը երեկ եմ ստորագրել․ Ռուբիո

Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց մի համաձայնագրով, որը երեկ եմ ստորագրել։ Այս մասին հունիսի 3-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ 2027 ֆինանսական տարվա Պետդեպարտամենտի բյուջետային հայտի քննարկման ժամանակ։

 

«Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց։ Այն ոչ միայն ավարտվեց, այլև ավարտվեց մի համաձայնագրով, որը ես ստորագրել եմ երեկ՝ ստեղծելով բարգավաճման նոր երթուղի՝ TRIPP երթուղին, որն արտասովոր հնարավորություններ կընձեռի երկու երկրներին էլ, հատկապես՝ Հայաստանին՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը, իրապես օգտվել դրանից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

TRIPP-ը (Trump Route for International Peace and Prosperity) կամ «Թրամփի ուղին» հաղորդակցության հայեցակարգի նախագիծ է, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համատեղ հռչակագրով: Այն նախատեսում է Սյունիքի տարածքով ճանապարհի, երկաթուղու և այլ ենթակառուցվածքների կառուցում, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի նրա էքսկլավ Նախիջևանի հետ։

 

 

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 2-ին և հունիսի 4-ին հեռավար ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։  

Համաձայնագիրը նախաստորագրվել էր մայիսի 26-ին, երբ Մարկո Ռուբիոն ժամանել էր Հայաստան։

Արտգործնախարարության կայքում համաձայնագրի վերաբերյալ հրապարակման մեջ նշվում է, որ համաձայնագրի նպատակը և Կողմերի քաղաքականությունն է խորացնել Կողմերի միջև տնտեսական համագործակցությունը՝ TRIPP-ի իրականացման և դրա հաջողության ապահովման նպատակով:

Կողմերը պետք է համագործակցեն TRIPP-ի իրականացումը հնարավոր դարձնելու ուղղությամբ՝ միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածության, տարածաշրջանային և համաշխարհային առևտրի ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդման նպատակով:

Համաձայնագրով՝ Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝ 

ա)      անվտանգություն և իրավապահ գործունեություն, 

բ)       սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, 

գ)       մաքսային և միգրացիոն հսկողություն, 

դ)       հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե, 

ե)       պետական տեղեկատվական համակարգեր, և 

զ)       պետական վարչարարություն և վերահսկողություն։

facebook sharing button facebook