Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/6/2026
share

Միկա Բադալյանի կողմից ընտրակաշառք տալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռուսաստանում բնակվող բլոգեր Միկա Բադալյանը ընտրակաշառք է առաջարկել։ Ըստ քննության տվյալների՝ նա ՌԴ-ում ապրող Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների խոստացել է ծառայություններ և այլ առավելություններ՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու պայմանով։ Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Այժմ իրականացվում են օրենքով սահմանված բոլոր քայլերը՝ արտերկրում գտնվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունը բացահայտելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Կոմիտեն կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ստացել են ընտրակաշառք կամ տեղեկություններ ունեն դրա վերաբերյալ, աջակցել նախաքննությանը և հայտնել իրենց հայտնի փաստերը։ Միևնույն ժամանակ, գերատեսչությունը հորդորում է զերծ մնալ ընտրակաշառքի, քվեարկության վրա ազդելու կամ ընտրական ցանկացած այլ օրինախախտմանը մասնակից լինելուց»,- նշված է կառույցի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել «Անկախ դիտորդ» դաշինքը՝ ՌԴ-ից Հայաստան ժամանող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու (կաշառելու) հիմքով։

Այդ հաղորդման համար հիմք էին հանդիսացել «Ateo Breaking» տելեգրամյան ալիքի բացահայտումն ու հենց Բադալյանի դե ֆակտո ինքնախոստովանությունը։

««Ateo Breaking»-ի հրապարակած հետաքննության համաձայն՝ Բադալյանի կողմից կազմակերպված ընտրողների խմբերը Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին»,- ասված էր դաշինքի հայտարարության մեջ։

facebook sharing button facebook