
Մեդիա կենտրոնում կայացած «Ընտրողների վրա ազդեցության ռիսկերը համայնքներում» քննարկմանը «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման համահիմնադիր, բնապահպան իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը նշել է այն հիմնական նարատիվներից, որոնք շրջանառվում են նախընտրական շրջանում։
Նրա դիտարկմամբ՝ թե՛ բնապահպանական համայնքը, թե՛ բնապահպաններն, ընդհանրապես, Հայաստանում անընդհատ հայտնվում են կեղծ նարատիվների և թիրախավորումների շրջանակում։ Այս շրջանի մշտադիտարկման միջոցով փորձել են մարդկանց իրազեկել հականարատիվների մասին, բացատրել՝ ո՞րն է ճիշտը, ո՞րը՝ սուտը։ Դուլգարյանն առանձնացրել է կեղծ նարատիվներից մի քանիսը, որ նախընտրական շրջանում տարածված են հանրության շրջանում։ Նրա խոսքով՝ դրանք բազմաշերտ են, օրինակ՝ պատերազմ-խաղաղություն, 300․000 ադրբեջանցիների բնակեցման համատեքստում և այլն։ Նարատիվների 2-րդ շերտն ավելի տեղային են և հիմնականում ազդում են համայնքի բնակիչների վրա, օրինակ գյուղական համայնքներում ամենաշրջանառվողը, ըստ նրա, թոշակների հետ կապված նարատիվներն են։ «Թոշակառուներին վախեցնում են, օրինակ, որ եթե ընտրվենք, ձեր թոշակները բարձր կմնան կամ եթե մենք չընտրվենք, ձեր թոշակները նորից իջեցվելու են։ Թոշակները ավելացել են ընդամենը որպես նախընտրական, այսպես ասած, ինչ-որ արարք, որպեսզի ընտրություններում ինչ-որ կողմ շատ ձայներ հավաքի։ Ականատես ենք լինում թոշակառուների մեջ ձևավորվող լուրջ դիսկուրսի»։
Վանաձոր և Փամբակ համայնքներում մշտադիտարկումների և լսած նարատիվների մասին խոսելով՝ Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման անդամ Վարդուհի Անանյանը նկատել է, որ մարդկանց մի մասի վրա դրանք ազդեցություն ունեցել են, մի հատվածի վրա՝ ոչ այնքան, օրինակ՝ խաղաղության թեմաներով նարատիվները։ «Նույնիսկ բակային տաղավարում հավաքված մարդիկ միմյանց հետ բանավիճել, քննարկել և վերլուծել ենք այդ նարատիվները։ Այո՛, կան նարատիվներից ազդվածներ և ադեկվատ մոտեցում ցուցաբերողներ»,- նշեց Վարդուհի Անանյանը
Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման մյուս անդամ Շավարշ Մարգարյանը Սյունիքի մարզում տարածված նարատիվներից խոսելով, ասաց՝ իրենց հետ զրույցներում մարդիկ անկաշկանդ պատմել են, թե ինչ զրույցներ են լսել իրենց համայնքներում։ Շուրջ 2 ամսվա ընթացքում Սյունիքում, մասնավորապես, բավական խոսույթներ են հավաքագրվել, որոնցից ամենատարածվածը Սյունիքի հետ կապված նարատիվներն են։
«Հանրության մեջ դեռևս առկա են կարծրատիպեր այն մասին, որ պետք չէ բարձրաձայնել խնդիրները,-նշեց Օլեգ Դուլգարյանը։ «Մենք ունենք արձանագրված բազմաթիվ խնդրահարույց դեպքեր, որոնց մասին մարդիկ չեն ցանկանում բարձրաձայնել, մարդը չի ցանկանում, որ այդ խնդիրը հանրայնացվի։ Մի դեպքում տվյալ մարդը վախեր ունի, որ բարձրաձայնելուց հետո իր համար կարող է ավելի վատ լինել։ Բազմաթիվ քրեական տարրեր ներգրավված են ընտրական գործընթացներում և այստեղ փողոցային, թաղային պատժելու մեխանիզմը կարող է գործել և մարդիկ նաև այդ վախերն ունեն։ 2-րդ դեպքում մարդկանց մոտ դեռևս շատ կարծրացած են «գործ տվող»-ի ենթամշակույթը, որ ինքը չպետք է բարձրաձայնի։ Պետության հետ կապված, մենք տեսնում ենք, որ այդ մարդիկ, որոնք չեն բարձրաձայնում, ողջունում են այդ մոտեցումը։ Դա ևս շատ մեծ առաջընթաց քայլը է։ Տեսնում ենք, որ հասարակությունը էդ պահանջը ունի, որպեսզի ինքը լինի պաշտպանված նման երևույթներից»։
Բացի կեղծ նարատիվները, ապատեղեկատվությունն ու բարոյահոգեբանական ճնշման դրսևորումները վախերը, «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման անդամները քննարկմանն անդրադարձել են նաև բազմաթիվ ռիսկերին՝ ընտրակաշառքի և նյութական աջակցության խոստումների վերաբերյալ ահազանգերից մինչև ընտրողների տվյալների հավաքագրման, ցուցակագրման փորձեր, գործատուների և տնտեսական կախվածությունների միջոցով հնարավոր ճնշումներ, վարչական ռեսուրսի և տեղական իշխանական ազդեցության կիրառման ռիսկեր, հավաքների և քաղաքական հանդիպումների մասնակցության ուղղորդման դեպքեր, քարոզչության մեջ անչափահասների ներգրավում․ «Նախընտրական խոստումներ նաև նարատիվների միջոցով են եղել։ Մենք արձանագրել ենք, որ քարոզարշավ էին իրականացնում ՌԴ-ից վերադարձած մարդիկ, որոնք ասում են՝ մենք եկել ենք ձեզ փրկելու։ Դուք կտեսնեք, վերջում ամեն ինչ լավ է լինելու։ Օրինակ, եթե արցախցիների են իրենք հանդիպել, ապա ասել են՝ դուք վերադառնալու եք ձեր հայրենիք։ Ոչ միայն նյութական խոստումներ, այլև այնպիսիք, որ կապված են մարդկանց ապագայի կամ առօրյա այն խնդրի հետ, որի նկատմամբ տվյալ մարդը շատ մեծ թուլություն ունի կամ խոցելի է։ Տեսել ենք նաև, որ ամենատարբեր քաղաքական ուժերի հանրահավաքներին մասնակցում են երեխաներ»,- նշեց Օլեգ Դուլգարյանը։
Գործընկերներին լրացնելով՝ Շավարշ Մարգարյանը նշեց, որ բախվել են նախընտրական խոստումների քաղաքականացմանը։ Այդ նախընտրական բարեգործական կամ սոցիալական խոստումները մինչև մայիս շատ էին, բայց քարոզչության ժամանակ փոխվեց և դառավ ինչ-որ «ահաբեկման մրցավազք»․ «Նույն այդ աշխատատեղը փոխվում ադրբեջանցիներով, Եվրոպան փոխվում է պատերազմով, այսինքն՝ այդ խոստումները այս շրջանում սեփական հանրության նկատմամբ որքան էլ ցավալի է, վախեցնելու են նմանվում։ Այս ընտրությունը, դրանով է տարբերվում նախորդ ընտրությունից․ նախորդ ընտրությանը հույս էին «վաճառում», հիմա վախ է «վաճառվում» մարդկանց»։
Քննարկման ավարտին իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն անդրադարձավ նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ամենօրյա ռեժիմով ընտրակաշառքների կամ այլ խախտումների հետ կապված բացահայտումներին՝ նշելով, որ, այդուհանդերձ, հանրության մեջ թերահավատություն կա, որ այս մարդիկ պատիժ կկրեն։ Նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները կգործեն ավելի հետևողական՝ կոտրելով քաղաքացիների մոտ տարածված թերահավատությունը։

