Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/6/2026
share

Ռուսաստանը հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, ծիրանի և խաղողի ներմուծման վրա

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման նկատմամբ։

Խոսքը վերաբերում է բալին, կեռասին, ծիրանին, սալորին, դեղձին, նեկտարինին և թարմ խաղողին։ Սահմանափակումներ են կիրառվելու նաև նշված արտադրանքի տարանցման նկատմամբ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը։

Россельхознадзор-ի հաղորդմամբ՝ վերջին շրջանում հաճախակի են դարձել հայկական մրգերի մատակարարումների ժամանակ արձանագրվող խախտումները, և հայկական կողմին բազմիցս ներկայացվել են տեղեկություններ կարանտինային արտադրանքի ներմուծման ընթացքում հայտնաբերված խնդիրների վերաբերյալ։

Գերատեսչությունը նաև նշել է, որ արձանագրված դեպքերը կարող են կապված լինել Հայաստանում գյուղատնտեսության նախարարության լուծարման և դրա լիազորությունների փոխանցման Էկոնոմիկայի նախարարությանը, ինչը, նրանց գնահատմամբ, կարող է հանգեցրել կառավարման կառուցվածքային խնդիրների։ Ռուսական կողմի պնդմամբ՝ ներկայում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, ինչը կարող է սպառնալիք ստեղծել բուսասանիտարական անվտանգության համար և ազդել Ռուսաստանում այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական ծրագրերի իրականացման վրա։ Հիշեցնենք՝ մայիսի 30-ից գործում է Հայաստանից որոշ բանջարեղենի և ելակի ներմուծման արգելք, իսկ մայիսի 22-ից՝ ծաղիկների ներմուծման սահմանափակումներ։

 

facebook sharing button facebook