
Երկուշաբթի օրը Եվրոպական միությունը դատապարտել է խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ռուսաստանի ցանկացած փորձ՝ այն բանից հետո, երբ Մոսկվան կոչ արեց հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու Երևանի հավակնությունների հարցով, հայտնում է AFP-ն։
ԵՄ խոսնակ Անուար Էլ Անունին հայտարարել է, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկիր, լիարժեք իրավունք ունի ընտրելու իր սեփական ուղին ու գործընկերներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նպատակն է վնասել Հայաստանի տնտեսությանը և ազդել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա, ուստի իրենք կշարունակեն աջակցել Հայաստանին՝ հարկադրանքի նման փորձերին դիմակայելու համար։
Հայաստանը պաշտոնապես դաշնակցում է Մոսկվայի հետ, սակայն սերտացնում է կապերը Եվրոպական միության հետ՝ հիասթափված լինելով հարևան Ադրբեջանի հետ հակամարտությունների ժամանակ իրեն պաշտպանելու հարցում Ռուսաստանի ձախողումից։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտվում են որպես լակմուսի թուղթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն քայլերի համար, որոնք ուղղված են Մոսկվայից Հայաստանի կախվածությունը թուլացնելուն և Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելուն։ Կովկասյան այս երկիրը 2024 թվականին սառեցրեց անվտանգային կապերը Մոսկվայի հետ, իսկ անցյալ տարի օրենք ընդունեց ԵՄ անդամակցությանը ձգտելու իր մտադրության մասին՝ էլ ավելի բարկացնելով Ռուսաստանին։
Շաբաթ օրը Մոսկվան հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին՝ Երևանի և ԵՄ-ի աճող կապերի շուրջ «խորհրդակցությունների» նպատակով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ քննադատել էր բլոկի հետ Հայաստանի մերձեցումը և կոչ արել «հնարավորինս շուտ» հանրաքվե անցկացնել՝ հայտարարելով, թե ԵՄ-ին և Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհնար է համատեղել։ Մոսկվան նաև հայտարարել է, որ ներմուծման սահմանափակումներ կմտցնի հայկական մրգերի և բանջարեղենի համար։

