Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
31/5/2026
share

Կալանավորել ենք անձի, որն ընտրակաշառքի դիմաց արտերկրից ժամանել է ՀՀ, ընտրություններին մասնակցելու. ՀԿԿ նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. «Մեր հորդորն է՝ չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ, չդառնալ ընտրական հանցագործությունների մասնակից»: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Նահապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի ընդլայնված նիստ: Արթուր Նահապետյանը Կոմիտեի ծառայողներին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ՝ ընդգծելով վերջին ժամանակահատվածում աշխատանքային գերծանրաբեռնվածության, կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ տարվող ամենօրյա պայքարի կարևորությունը և այդ կապակցությամբ ներկայացրել որոշակի վիճակագրական տվյալներ:

Նա, մասնավորապես, նշել է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից Կոմիտեում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններով նախաձեռնվել է ընդհանուր շուրջ 70 քրեական վարույթ, որոնցով մինչ օրս քրեական հետապնդումներ են հարուցվել 120 անձի նկատմամբ, ձերբակալվել է նրանցից 110-ը։ Նախաձեռնված վարույթներից 8-ը՝ 34 անձի վերաբերյալ շատ կարճ ժամանակահատվածում ավարտվել և մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան: Արթուր Նահապետյանի խոսքով՝ ընտրական հանցագործությունների դեմ պայքարին զուգահեռ, Կոմիտեն հատկապես կարևորում է այդ հանցագործությունների նախականխումը և կանխարգելումը, հանրության շրջանում ընտրակաշառքի և առհասարակ ընտրական հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերմունքի ձևավորումը. «Մեր առաջիկա անելիքները շատ են ու չափազանց կարևոր ընտրական պրոցեսներում մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքն ապահովելու հարցում: Մենք վստահ քայլերով պետք է շարունակենք առավելագույն ջանք դնել, որպեսզի Հանրապետության ողջ տարածքում նվազագույնի հասցվեն պետության հիմքերը խարխլող ընտրական հանցագործությունները՝ ապահովելով դրանց բացահայտման բարձր ցուցանիշներ»,- ասել է Կոմիտեի նախագահը:

Ըստ Արթուր Նահապետյանի՝ Կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումները ամենօրյա ռեժիմով շարունակում են հաղորդումներ ներկայացնել և նախաքննական մարմնին փոխանցել իրենց կատարած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները: Այդ բացահայտումների թիվը, ըստ Կոմիտեի նախագահի, առաջիկա օրերին ոչ թե նվազելու է, այլ նոր թափ է ստանալու, ինչը նախաքննական ստորաբաժանումների համար պահանջում է ուժերի լրացուցիչ վերաբաշխում և գերլարում. «Մենք արդեն իսկ տեսել և բացահայտել ենք ընտրակաշառքի տրամադրման տարբեր սխեմաներ, որոնք հանրայնացվել են: Նման դեպքերի բացահայտումից և հանրայնացումից հետո հանցավոր խմբերի կողմից մշակվել են նոր մեխանիզմներ, քողարկման նոր եղանակներ, որոնք, սակայն, չեն կարող դուրս մնալ մեր տեսադաշտից:

Ավելին՝ առաջիկայում ունենալու ենք նոր աղմկահարույց բացահայտումներ, այդ թվում՝ այնպիսի հանցավոր սխեմաների մասով, որոնցում իրենց ակտիվ ներգավվածությունն ունեն նաև բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ: Հետևաբար, այս հանցավոր գործընթացի մաս կազմող շրջանակներին կարող է թվալ, որ եթե մինչ այս պահը պատասխանատվության չեն կանչվել, ուրեմն կարողացել են դուրս մնալ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունից։ Դա բնավ այդպես չէ, քանի որ մենք լիարժեք տիրապետում ենք օպերատիվ իրավիճակին, և շատ դեպքերում անհապաղ ձերբակալությունների չդիմելու պատճառը պայմանավորված է հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակի և կիրառվող մեխանիզմների ամբողջական բացահայտման անհրաժեշտությամբ և կարևորությամբ։ Իրավական արձագանքը լինելու է անխուսափելի՝ թե՛ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, թե՛ ընտրության օրը, և թե՛ դրանից հետո»,-նշել է Արթուր Նահապետյանը: Կոմիտեի նախագահը հորդորել է չտրվել որևէ ապօրինի ազդեցության, չներքաշվել ընտրական գործընթացների հետ կապված անօրինական գործողությունների մեջ և չդառնալ ընտրական հանցագործությունների մասնակից կամ աջակցող՝ միաժամանակ կոչ անելով չվտանգել սեփական ազատությունն ու ապագան՝ կարճաժամկետ շահի կամ կեղծ խոստումների համար:
 

facebook sharing button facebook