Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/5/2026
share

«Երեխեքը սոված են մնալու». կեղծ տեսանյութն ու արմավիրցիների իրական տագնապը

Արմավիրի մարզի գյուղական համայնքներում նախընտրական այս օրերին լարվածությունն ու անհանգստությունը հասել են գագաթնակետին։ Որպես գյուղատնտեսական հիմնական մարզ, որտեղ հարյուրավոր ընտանիքների ապրուստի միջոցը ծիրանի արտահանումն է, Արմավիրը չափազանց զգայուն է ռուսական շուկայի ցանկացած տատանման նկատմամբ։ Վերջին տարիներին մարզում պատկերը հուսադրող չէ. շատերը հիասթափությունից քանդում են սեփական այգիները, քանի որ արտահանման ընթացքում կա՛մ օրերով մնում են Լարսի անցակետում՝ փչացնելով ապրանքը, կա՛մ ստիպված չնչին կոպեկներով բերքը հանձնում են տեղական գործարաններին: Այս խորքային խնդիրների ֆոնին, մայիսի 27-ին համացանցում տարածված լուրը, թե Ռուսաստանն ամբողջությամբ արգելում է հայկական ծիրանի ներմուծումը, իսկական խուճապ առաջացրեց գյուղերում։ Չնայած պաշտոնական հերքումներին, վախի մթնոլորտը համայնքներում դեռ պահպանվում է, իսկ մարդիկ շարունակում են հավատալ վատթարագույն սցենարին։

 

Սա ավելի խորացրեց քաղաքական գործոնը։ Ընդդիմադիր դաշտը բավականին արագ գործեց արմավիրցիների սոցիալական վախերը սեփական քարոզչության համար օգտագործելու ուղղությամբ։ «CivilNetCheck»-ի և «Factor.am»-ի իրականացրած փաստերի ստուգմամբ պարզվել է, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մասնակցությամբ տարածված տեսանյութը, որտեղ նա իբր հայտարարում է անհապաղ սահմանափակումների մասին, լիովին կեղծ է։ Այն պատրաստվել է արհեստական բանականության գործիքներով՝ դիփֆեյք տեխնոլոգիայով։ Կեղծիքի հեղինակները հիմք են ընդունել Զախարովայի մայիսի 7-ի բրիֆինգի կադրերը, որտեղ նա իրականում խոսել էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին և որևէ անդրադարձ չէր կատարել ծիրանին։ Ավելին, տեսանյութն առաջինը շրջանառության մեջ դրած ֆեյսբուքյան «Հետաքրքիր էջ»-ը բացահայտ քարոզչություն է իրականացնում ուժերից մեկի օգտին։ Թեև լրատվամիջոցների մեծ մասը հեռացրել է նյութը, իսկ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել է, որ «Ռոսսելխոզնադզորից» որևէ ծանուցում չի ստացվել, գյուղացիները շարունակում են մեղադրել գործող իշխանություններին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու և իրենց հացից զրկելու մեջ։

 

 «Երեխեքը սոված են մնալու։ Հերիք չի՝ ծիրանի բերք չկար, ցուրտը տարավ, էն երկու հատիկն էլ ծախելուց զրկեցիք։ Մտածում էինք՝ կտանք ֆուռը կտանի Ռուսաստան, քիչ ա, բայց որակով կլինի, թանկով կտանք, բայց սաղ մխտռեցիք, քաշվաք մի կողմ։ Բայց իրա ինչ պետքն ա, իրա փորը կուշտ ա. ինքը թքած ունի՝ իմ երեխեն սոված կքնի, թե կուշտ, բանկը տունս ձեռիցս կառնի, թե չէ»,- Արմավիրի մարզի բնակիչ

 

Չնայած այս խոսքերն արտացոլում են տեղեկատվական մանիպուլյացիայի ազդեցությունը, դրանք նաև ցույց են տալիս իրական հողը, որի վրա աշխատում են քաղաքական կեղծիքները։ Ռուսական կողմը վերջին շրջանում իսկապես որոշակի սահմանափակումներ է մտցրել հայկական այլ ապրանքների՝ ծաղիկների, հանքային ջրերի ու ալկոհոլի նկատմամբ, իսկ մայիսի 28-in  «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնապես հայտարարեց, որ 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման համար՝ մինչև անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է խախտումների հաճախակիացած դեպքերի պատճառով, քանի որ Հայաստանի իրավասու գերատեսչությունը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել նախկինում հայտնաբերված խնդիրների ուղղությամբ։ Մասնավորապես՝ մայիսի 21-ից 27-ն անցկացված ստուգումների ընթացքում հայկական ջերմոցային համալիրներում հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային վնասատուներ ու հիվանդություններ. միայն 2026 թվականի ընթացքում արձանագրվել է նմանատիպ 181 դեպք։ Բացի այդ, ըստ ռուսական կողմի տեղեկատվական համակարգի՝ մեծ քանակությամբ արտադրանք է մատակարարվում սեփականության անհայտ ձև ունեցող հայաստանյան մասնակիցների կողմից, որոնք խուսափում են բուսասանիտարական հսկողությունից, ինչը վկայում է դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների հետագծելիության համակարգի բացակայության մասին։ 

ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակով զգուշացրել է ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում գազի ու նավթամթերքի արտոնյալ պայմանագրերի հնարավոր չեղարկման մասին։ Այս ընդհանուր լարվածության և Հայաստանի եվրոպական օրակարգի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական առճակատման ֆոնին, ծիրանի արգելքի մասին կեղծ տեսանյութը դարձավ հարմար գործիք՝ ընտրություններից առաջ գյուղացիության շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացնելու համար, թեև իրավական տեսանկյունից ծիրանի արտահանման որևէ արգելք այս պահին գոյություն չունի:

facebook sharing button facebook