
Վանաձորի ներհամայնքային տրանսպորտում ղեկին ծխելու և ուղևորների հանդեպ կոպիտ վերաբերմունքի դեպք է արձանագրվել, որն այս անգամ հանգեցրել է վարորդի պաշտոնանկության։ Միջադեպի հանրայնացումից հետո տեղական իշխանություններն ստիպված են եղել արձագանքել բնակչի դժգոհությանը։
Վանաձորի թանգարանի հիմնադիր՝ Վահագն Վարդանյանը թիվ 2 երթուղային տաքսու վարորդից պահանջել է չծխել սրահում։ Օրինական պահանջին ի պատասխան՝ վարորդը վիճաբանություն է հրահրել, վիրավորել ուղևորին և նրան բռնի ուժով իջեցրել մեքենայից։
Միջադեպից հետո Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում կտրուկ գրառմամբ անդրադարձել է քաղաքային տրանսպորտի և աղբահանության խնդիրներին, ինչպես նաև տեղական ու վերադաս մարմինների անտարբերությանը.
«Հասկանալի ա, որ քաղաքապետարանի պետքը կարա չեղնի սա, քանի որ իրանց կռուգն ա, ծխողներն էլ շատ են ու սա նորմալ ա իրանց հմար... բայց սա չի՛ կարա սենց մնա... նենց որ, լավ կեղնի կոֆեի ու ծխելու հետ մեկտեղ՝ սկսեք զբաղվել նաև տրանսպորտի աղբահանությունով... թե չէ՝ ուրեմն գամ տենամ դու՛ք ոնց եք»։
Գրառումից մեկ օր անց Վանաձորի համայնքապետարանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հաստատելով, որ միջադեպի արդյունքում վարորդն ազատվել է աշխատանքից։ Տեղական իշխանությունները նաև նշել են, որ գծատեր ընկերությանը հանձնարարական է տրվել ուժեղացնել հսկողությունը.
«Այսօր Վանաձոր քաղաքի ներհամայնքային տրանսպորտի թիվ 2 երթուղայինում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք, որ վարորդն ազատվել է աշխատանքից։ Երթուղին սպասարկող ընկերությանը տրվել է համապատասխան հանձնարարական՝ խստացնել վերահսկողությունը և ապահովել ուղևորափոխադրման ծառայությունների պատշաճ, անվտանգ և բարեկիրթ սպասարկումը»։

