
15.000-ական դրամ՝ հանրահավաքին մասնակցելու համար. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հավաքի գործով կան կալանավորվածներ։Իրավապահները մանրամասներ են հայտնում Արմավիրի մարզում նախաձեռնված քրեական վարույթից, որի շրջանակում մեկ տասնյակ խուզարկություններ են արվել։ Ըստ քննության տվյալների՝ հավաքների մասնակիցներին նյութապես շահագրգռելու սխեմա է գործել։ Մասնավորապես նշված է՝
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար ստացել են 15.000 ՀՀ դրամ գումար:
Մասնավորապես՝ Ն.Թ.-ն տեղեկացված լինելով 2026 թվականի ապրիլի ընթացքում Երևան քաղաքի «Ազատություն» հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած հավաքի մասին, կազմակերպել է մեծաքանակ անձանց ներգրավելու գործընթաց՝ նրանց նյութապես շահագրգռելու եղանակով։
Նշված նպատակով Ն.Թ.-ն գումարի դիմաց հավաքին մասնակցող անձանց ներգրավելու գործընթացը իրագործելու անհրաժեշտության մասին հայտնել է իր ընկեր Գ.Ա.-ին՝ խոստանալով հանրահավաքին մասնակցելու դիմաց յուրաքանչյուրին վճարել 15.000-ական ՀՀ դրամ։ Գ.Ա.-ն էլ իր հերթին համաձայնելով ինչպես իր, այնպես էլ մի խումբ այլ անձանց ներկայությունն ապահովել նշված հավաքին, նյութապես շահագրգռվելով և այդ եղանակով ազդելով իր մտերիմներ՝ մի խումբ անձանց կամահայտնության վրա, նրանց տեղեկացրել է, որ հիշյալ հավաքին մասնակցելու համար յուրաքանչյուրին կվճարվի 15.000 ՀՀ դրամ։
Արդյունքում, Գ.Ա.-ն մի խումբ անձանց հետ միասին մասնակցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից նախաձեռնված հավաքին, իսկ հավաքի ավարտից հետո Ն.Թ.-ի կողմից հայտնած անձից ստացել է իր և իր կողմից ներգրավված անձանց մասնակցության համար խոստացված գումարը, այնուհետև՝ հիշյալ անձանցից յուրաքանչյուրին այդ գումարից վճարել է 15.000 ՀՀ դրամ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են մեկ տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող որսորդական հրացան, կանեփանման զանգված:
Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և Ն.Թ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելը):
Գ.Ա.-ի և Ն.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

