Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/5/2026
share

ԼՂՀ ներկայացուցչության շենքը կանցնի Հայաստանին. Դատարանն անվավեր է ճանաչել 18 տարվա վաղեմության պետական գրանցումը

Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան 17/2 հասցեում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության շենքն անցել է Հայաստանի Հանրապետությանը։ ՀՀ վարչական դատարանը մայիսի 22-ին որոշում է կայացրել անվավեր ճանաչել այդ գույքի նկատմամբ ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը, որը կատարվել էր դեռևս 2007 թվականի հունվարի 31-ին (դատական գործ՝ ՎԴ/11166/05/25)։ Նման պահանջով դատարան էր դիմել ՀՀ գլխավոր դատախազությունը՝ պետական շահերի պաշտպանության հայցով։

Իրավապահ մարմինն իր պահանջը հիմնավորել էր նրանով, որ ՀՀ կառավարության 1997 թվականի ապրիլի 15-ի թիվ 78 որոշումով Երևանի քաղաքապետը պարտավոր էր ԼՂՀ կառավարության հետ կնքել շենքի նվիրատվության պայմանագիր։ Սակայն այդ պայմանագիրն այդպես էլ չի կնքվել, ինչը չի խանգարել, որ տարիներ անց՝ 2007-ին, Կադաստրի պետական կոմիտեն կատարի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում։ Դատախազության պնդմամբ՝ առանց բուն գործարքի (պայմանագրի) առկայության կատարված գրանցումն ապօրինի է, ինչն էլ դատարանը հիմնավոր է համարել։

Գործի քննության ընթացքում դատարանը մերժել է «Արցախի Հանրապետությանը» կամ «ԼՂՀ կառավարությանը» որպես երրորդ անձ ներգրավելու բոլոր միջնորդությունները։ Դատարանը պատճառաբանել է, թե ներկայացված դիմումները չեն պարունակել դիմող սուբյեկտին նույնականացնող հստակ տվյալներ և չեն ներկայացվել ԼՂՀ կառավարության անունից հանդես գալու լիազորությունները հավաստող պատշաճ ապացույցներ։

Փոխարենը, որպես երրորդ անձ գործում ներգրավված է եղել «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ն, որը ներկայացուցչության տարածքում 33.2 քմ մակերեսով շինության անհատույց օգտագործման իրավունք ուներ։ Շենքի սեփականության իրավունքի տապալմանը զուգահեռ՝ դատարանն անվավեր է ճանաչել նաև այս վարկային կազմակերպության օգտագործման իրավունքը։

Վարչական դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց, եթե մինչ այդ այն չբողոքարկվի Վերաքննիչ վարչական դատարան։ Նյութի հրապարակումից հետո թեմային արձագանքել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ դատարանի որոշումը որակելով «անհիմն ու աբսուրդային» և հավելելով, որ այն անպայման կբողոքարկի ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։

facebook sharing button facebook