
Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում սպասվում են հանրային լսումներ՝ կապված տեղի հանքարդյունաբերական հեռանկարների հետ։ «ՏԱՆԴ-ԶՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախատեսում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնել Լերմոնտովոյի վարչական սահմաններում գտնվող Տանձուտի երկրորդային քվարցիտների և պրոպիլիտների հանքավայրում, որը հանրությանը հայտնի է «Երկաթե գլխարկ» անվամբ։
Նախագծի հիմնական նպատակը հանքավայրի պաշարների վերագնահատումն է։ Նշված է, որ հորատումներ չեն լինի
Ըստ ընկերության ներկայացրած հայտի՝ նախատեսվող երկրաբանական ուսումնասիրությունները կրելու են հիմնականում գրասենյակային (կամերալ) բնույթ և հիմնվելու են արդեն իսկ գոյություն ունեցող երկրաբանական տվյալների վրա։
Նախատեսվող գործունեության շրջանակը ներառում է.
Նախկինում արված երկրաբանական աշխատանքների վերլուծություն,
Տարածքում տեղագրական (տոպոգրաֆիկ) նկարահանումներ և գեոդեզիական աշխատանքներ,
Բլոկային մոդելի ստեղծում և կոնդիցիաների պարամետրերի մշակում,
Անհրաժեշտության դեպքում՝ ոչ ավել, քան 250 կգ հանքաքարի նմուշառում և լաբորատոր հետազոտություն։ .Ընկերությունը հստակեցնում է, որ տարածքում հորատման աշխատանքների իրականացում չի նախատեսվում։ Աշխատանքների արդյունքում կազմված հաշվետվությունը կներկայացվի ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնին։
Բնապահպանները փաստում են, որ հանքի թթվային ապարների դրենաժը հսկայական ծավալներով շարունակվում է մինչ օրս։ Այդ վտանգավոր ջրերը սկզբում լցվում են Տանձուտ գետը, ապա՝ Շահումյան և Վանաձոր բնակավայրերի միջով հոսելով, հայտնվում են Փամբակ գետում։
«Երկաթե գլխարկ» կոչվող տարածքը նախկինում շահագործվել է, և դրա թողած էկոլոգիական հետևանքները տարիներ շարունակ գտնվել են բնապահպանների ուշադրության կենտրոնում։ «Հայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը նախկինում իրականացրել էր Տանձուտի լքված հանքավայրի տարածքի և հարակից հոսքաջրերի լաբորատոր ուսումնասիրություն, որի արդյունքները մտահոգիչ էին։
Ջրի նմուշառման արդյունքում պարզվել էր, որ տարածքի ջրերում ծանր մետաղների պարունակությունը բազմակի անգամ գերազանցում է էկոլոգիական նորմերը։ Լաբորատորիայում տարրալուծված 7 մետաղներից 6-ի կոնցենտրացիաները տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ գերազանցել են սահմանված նորմերը․
Աղտոտվածության ամենաբարձր դասը. Ստացված գրեթե բոլոր ցուցանիշները գերազանցել են անգամ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված 5-րդ որակի՝ «վատ» դասի էկոլոգիական նորմերը։ Սա ջրերի աղտոտվածության ամենաբարձր աստիճանն է, և նման ջուրն արգելվում է օգտագործել անգամ ոռոգման նպատակներով։
Ջրի նմուշառման արդյունքում պարզվել էր, որ տարածքի ջրերում ծանր մետաղների պարունակությունը բազմակի անգամ գերազանցում է էկոլոգիական նորմերը։ Լաբորատորիայում տարրալուծված 7 մետաղներից 6-ի կոնցենտրացիաները տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ գերազանցել են սահմանված նորմերը․

