Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/5/2026
share

Առանցքում ժողովրդավարական դիմակայունության ամրապնդումը․ Մոլդովան կիսվեց հիբրիդային սպառնալիքների դիմագրավման գործում իր հաջող փորձով

Մայիսի 23-ին, մեդիա ոլորտի մասնագետներ, քաղհասարակության ներկայացուցիչներ և լրագրողներ Մոլդովայից ու Հայաստանից մասնակցեցին Երևանում կայացած «Ժողովրդավարական դիմակայունության ամրապնդում․ Հայաստան–Մոլդովա փորձը հիբրիդային սպառնալիքների դիմագրավման գործում» աշխատաժողովին՝ քննարկելու նախընտրական Հայաստանում հիբրիդային հարձակումների սպառնալիքներն ու դրանց դեմ դիմակայության հնարավորությունները։
Միջոցառման հիմքում Մոդովայի փորձի ուսումնասիրությունն էր և հետաքննական լրագրության փորձի փոխանակումը։ Հանրային լրագրության ակումբը Հայաստան էր հրավիրել ճանաչված հետաքննող լրագրողներ՝ RISE Moldova-ի խմբագիր Վլադիմիր Տհորիկին և հետաքննող լրագրող, NordNews-ի գլխավոր խմբագիր Յուլիանա Վոլկովին, որոնց հետաքննությունները հնչեղ բացահայտումներ են ներկայացրել օտարերկրյա միջամտությունների համատեքստում։
«Ես այստեղ եմ՝ պատմելու նախընտրական Մոլդովայում երիտասարդության և կրոնական համայնքների վրա Կրեմլի ազդեցության ցանցի մասին և ցույց տալու դրա գործելու մեխանիզմները։ NordNews-ի խմբագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է եկեղեցական միջավայրը դառնում պրոռուսական նարատիվների հարթակ, իսկ քաղաքական քարոզչությունը քողարկվում է հավատքի, ընտանիքի և ավանդույթների հանդեպ հոգատարության անվան տակ»,- ընդգծեց Յուլիանա Վոլկովան։ 

«Կարծում եմ մեր և մոլդովական լրագրողական համայքնի փորձը օգտակար կլինի Հայաստանի հետաքննող լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների համար՝ հասկանալու օտարերկրյա միջամտությունների հետքերը թվային տիրույթում։ Աշխատաժողովը լավ առիթ է կիսվելու համար RISE Moldova-ի լրագրողական հետաքննություններով․ ինչպե՞ս են մեր լրագրողները փաստագրել
ազդեցության գործողությունները, ինչպե՞ս են բացահայտվել քաղաքական դերակատարների, հատուկ ծառայությունների և պրոքսի-կառույցների միջև կապերը, ինչպե՞ս են բարդ տվյալները վերածվել
ապացուցողական հանրային հետաքննությունների»,- նշեց իր խոսքում Վլադիմիր Տհորիկը։
Պանելային քննարկումներին իրենց մասնագիտական փորձառությամբ մասնակցեցին ոլորտային փորձագետներ Հայաստանից, ինչպիսին են՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ, CyberHUB-AM համահիմնադիր Արթուր Պապյանը, Factor TV-ի լրագրող Եվգենյա Համբարձումյանը։
Արթուր Պապյանը նշեց․ «Մենք հաճախ լուրջ չենք ընդունում հիբրիդային պատերազմները, սակայն իրականությունն այն է, որ այն լրջագույն հնարք է ընտրությունների ուղղորդման գործում։ Հիբրիդային
պատերազմների թիրախում են Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ներքին սոցիալական խնդիրների շահարկումը»։
Միջոցառման աշխատարանի հատվածում քննարկումները համակարգում էին Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի ղեկավար Արտակ Շաքարյանը, ռազմավարական հաղորդակցության մասնագետ Աննա Նաղդալյանը, CyberHUB-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Մարտիրոսյանը։
Քննարկումների արդյունքում կպատրաստվի հետաքննական լրագրության ու քաղհասարակության համատեղ ջանքերով հիբրիդային սպառնալիքներին արդյունավետ դիմագրավելու առաջարկների փաթեթ։
Միջոցառումն իրականացվում է Հայաստանի ժողովրդավարական դիմակայության ամրապնդում` Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ նախագծի շրջանակներում։ Այն հնարավոր է դարձել Գերմանական «Մարշալ» հիմնադրամ (ԱՄՆ) «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի աջակությամբ։

facebook sharing button facebook