Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
25/5/2026
share

Կեղծ խոսույթներ Վանաձորում․ ինչպես են տարածվում և ինչ ազդեցություն ունում լսարանի վրա (տեսանյութ)

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների շեմին գնալով ավելի են ակտիվանում տարատեսակ խոսույթները հանրության շրջանում ու մեդիադաշտում։ Դրանց հիմնական նպատակը հնարավորինս արժեզրկել այս կամ այն քաղաքական ուժին ու վերջինիս առաջնորդին։

Դրանք դեռ 2025-ից էին ակտիվացել, երբ պարբերաբար սոցիալական մեդիատիրույթ էին նետվում այնպիսի խոսույթներ, որոնք աստիճանաբար գերիշխող են դառնում հանրային ընկալումներում՝ բաժանարար գծեր ստեղծելով հասարակության մեջ,-ասում է Արբակ Սարգսյանը, ով վաղուց է հետևում ընտրական գործընթացներին Հայաստանում։ Ասում է՝ անգամ փաստերով իրականությունը ներկայացնելիս՝ մարդիկ դժվար են հրաժարվում իրենց նախնական ընկալումներից։

Նրա խոսքով՝ հարկավոր է մարդկանց բացատրել, որ նման խոսույթների ազդեցության տակ ընտրություն անելը ճիշտ չէ։  Վանաձորում վերջին շրջանում տարածում գտած  նարատիվներից մեկն է մատնանշում․ «Լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենց հավանությունը տալիս են ավելի փոքր և ավելի քիչ ռեսուրս ունեցող, բայց ավելի լավ ծրագիր կամ ավելի լավ քարոզարշավ իրականացնող քաղաքական ուժերի, բայց կեղծ նարատիվների ազդեցության տակ իրենց ձայնը, այսպես ասած, չփոշիացնելու և չկորցնելու նպատակով ընտրում են իրենց ընկալմամբ ամենաշատ ձայներ հավաքած հավաքող քաղաքական ուժի»։

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան հանրության շրջանում լսվող նարատիվները գնալով ավելի են հատում երևակայության սահմանները, եթե սրան էլ ավելացնենք տեխնոլոգիական հնարքների, հատկապես ԱԲ-ի կիրառումը, պարզ կդառնա որքան վտանգավոր ազդեցություն կարող են դրանք ունենալ հանրության վրա ընդհանրապես և ապագա ընտրության հարցում՝ մասնավորապես։

Վարդինե Գրիգորյանը տարիներ շարունակ ընտրական գործընթացներ է մշտադիտարկում։ Նա նաև ՀՀ Ընտրական օրենսգիրքը մշակողներից է։ «Քաղաքացու Ձայն»-ի հետ զրույցում ասում է, որ հիբրիդային հարձակումները պետք է ամբողջ շղթայի մեջ դիտարկել՝ ապատեղեկատվությունից մինչև տարբեր միջոցների գործարկում, որոնք կօգնեն անվստահություն սերմանել ընտրությունների ու ընտրական գործընթացների նկատմամբ կամ մարդկանց հետ պահել ընտրությունների գնալուց, որովհետև՝ մասնակցես- չմասնակցես, ամեն ինչ որոշված է, կամ մեկ է՝ կեղծվելու է։

«Երևի, ամենաբացասականը կամ ամենամենա տհաճը, որ մենք լսում ենք, դա սպառնալիքը կամ մտքերն են, որ մենք, ըստ էության, ընտրություն են կատարում թուրքացման կամ ռուսացման մեջ, որովհետև այն դեպքերում, երբ որ ներկայացվում է թուրքացումը, դա հիմնականում վերաբերում է Եվրոպական միության հետ ասոցացումը կամ տարբեր տեսակի մերձեցումը, այսինքն՝ ինչը միանգամից նաև ընկալվում է հեռացում ՌԴ-ից/ Ինձ համար շատ դժվար ու բարդ է մարդկանց ասել, որ իրականում այդ վտանգը, որի մասին դուք մտածում եք, չկա։ Ինքնիշխան պետությունը սեփական լեզվով, սեփական մշակույթով, սեփական տառատեսակով, խոսքը, խոսք գրականությամբ գոյություն ունեցող պետությունը չի կարող հանկարծ դառնալ այլ ինքնություն ունեցող պետություն։ Դրանք այնպիսի խոսակցություններ, որոնք ուղղակի հնարավոր չեն»։

Վանաձոր և Փամբակ համայնքներում Կանաչ խորհուրդների դաշնություն էկո-ակտիվիստական շարժման անդամ Վարդուհի Անանյանը «Քաղաքացու ձայն»-ի հետ կիսվում է այն կեղծ ու մոլորեցնող խոսույթներով, որ հավաքագրել է համայնքային հանդիպումների ժամանակ․ «Խաղաղության և պատերազմի կուսակցություններ, նախկիններ- ներկաներ, արցախցիների և ադրբեջանցիների վերաբնակեցում։ Դրանք հիմնականում այն խոսույթներն են, որոնք պտտվում են Վանաձոր և Փամբակ խոշորացված համայնքի բնակիչների մոտ։ Քննարկումների ընթացքում փորձել ենք խրախուսել քննադատական մտածելակերպը, մարդկանց ուղղորդել, որ ցանկացած տեղեկատվություն առաջին հերթին վերլուծեն, տարբեր շրջանակներով, տարբեր ֆիլտրերով անցկացնեն, նոր միայն փորձեն հավատալ և դիրքորոշում կազմել տեղեկատվության իսկության մասին»։

Ամենօրյա ռեժիմով հայկական մեդիադաշտ նետվող նարատիվներից հատկապես ակտիվ են Սյունիքի վերաբերյալ մոլորեցնող լուրերը, թե, օրինակ, Սյունիքի սահմանամերձ գոտու Շինուհայր գյուղի դպրոցը Իրանի անձնագրով ադրբեջանցիներն են կառուցում կամ մեկ այլ կեղծ նարատիվ այն մասին, թե իբր Սյունիքի Սալ-Քար  թաղամասը կառուցվել է Ադրբեջանի միջոցներով՝ վերջիններիս համար։ Իշխող ուժից հերքել էին այս կեղծ լուրը՝ մտահոգիչ համարելով նման հայտարարությունների տարածումը։ Իսկ լուրը տարածել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն, ով նախկինում համայնքային պաշտոնյա էր։ Նման լուրերը շատ արագ են տարածվում ու ազդում լսարանի զգայական կողմի վրա, որը շատ հաճախ «կուլ է տալիս» կեղծ ու մոլորեցնող լուրերի «խայծը»՝ չփորձելով վերլուծել՝ ովքեր և ինչու են դրանք  տարածում։

«Միասնության թևեր» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու Արմեն Եղիազարյանը, ով 2019-21 թվականներին ԱԺ պատգամավոր էր «Լուսավոր Հայաստան»-ից, Իրանի քաղաքացի ադրբեջանցի շինարարների մասին լուրին անդրադարձել էր ազգային-ապազգային ենթատեքստում։ Նույն շարքից էր նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցչի տեսաուղերձը։ Ակնհայտ է, որ նման  կեղծ խոսույթներն ու ապատեղեկատվությունը հանրության հույզերի վրա ազդելու, դրանք ցանկալի կերպով կառավարելի դարձնելու միտում ունեն։

 

 Հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան Դավիթ Ամիրյանի բնորոշմամբ՝ մեր հանրությունը տևական ժամանակ կեղծ ու մանիպուլյատիվ լուրերի «հորձանուտում» է, ինչը չի կարող բացասաբար չազդել նրանց հույզերի ու հոգեվիճակի վրա։ Մարդկանց  շրջանում ձևավորվում են անվստահություն ու կասկածներ՝ անհատների, ինստիտուտների,  լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի նկատմամբ։ Սթրեսի մեջ գտնվող քաղաքացին նման հոգեվիճակով չի կարող առաջնորդվել գաղափարներով ու ծրագրերով ու ճիշտ ընտրություն կատարել․«Մեզ մոտ առաջանում է շփոթմունքտագնապայնություն, անհանգստություն։ Էդ տեղեկատվությունը՝ կեղծ, մանիպուլատիվ, սուտսթրես է առաջացնում։ Ունենում ենք անապահովության զգացում և այս ամբողջն իր ազդեցությունը թողնում է մեր վարքի վրա։ / Այն իրավիճակը կամ միջավայրը, կամ մթնոլորտը, որ մենք ունենք կեղծ և մանիպուլյատիվ լուրերի հետ կապված, ես կարծում եմ՝ թողնում է միանշանակ բացասական ազդեցություն որպես վերջնարդյունք մեր քաղաքացիների ընտրության ժամանակ»։

Տևական ժամանակ է՝ Հայաստանի դեմ համակարգված ապատեղեկատվական արշավ է ընթանում: Հարձակումների հիմնական աղբյուրները Ռուսաստանի դաշնությունից են, որտեղից ուղղորդված ապատեղեկատվական հոսքեր են գալիս։ Գործի դրված ռուսական տեղեկատվական ցանցերի հետ կապվող «Մատրյոշկա» անունով բոտային հաշիվները օրեցօր ակտիվանում են սոցիալական մեդիայում՝ տարածելով կեղծ լուրեր ու մանիպուլյացիաներ՝ հատկապես իշխող ուժի դեմ։

Վարդինե Գրիգորյանը, որ պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում հիշեցնում է, որ ընտրություններից հետո էլ կյանք կա, կարծում է՝ թուրքացման կամ ռուսացման վտանգների մասին շարունակ համոզող կեղծ նարատիվները երկար կյանք չունեն, որովհետև քաղաքական վերաիմաստավորումն ու պատմությունից դասեր քաղելը չափազանց ծայրահեղացված են և չեն նպաստում ետընտրական հանրային համերաշխության ձևավորմանը, ինչը շատ ավելի կարևոր է՝ պետության հիմքերը ամուր պահելու տեսանկյունից։ 

facebook sharing button facebook