Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/5/2026
share

«Անփութության մեղքը բարդում են բաժանորդի վրա». բնակիչն ահազանգում է «Վեոլիա Ջրի» անհիմն տուգանքի մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Սիմոնյանն  ահազանգում է սպասարկող ընկերության կողմից իրականացվող անհիմն վարչարարության և տուգանքների մասին, որի թիրախում հայտնվել է օրինապահ բաժանորդը:  «Վեոլիա Ջուր» ընկերությունը սպառողին տուգանել է վնասված ջրաչափի և պոկված կնիքի հիմնավորմամբ, այնինչ բնակիչը պնդում է, որ կնիքը վնասել են հենց ընկերության աշխատակիցները՝ ապամոնտաժման ընթացքում: Սա առաջին դեպքը չէ, երբ պաշտոնական կառույցների, այդ թվում՝ քաղաքապետարանի անփութության հետևանքով քաղաքացիները կանգնում են ֆինանսական կորուստների և անլուծելի վարչական խնդիրների առաջ։

 

«Չի լինում էլի, որ բոլոր գործողությունները՝ թե՛ անհատների, թե՛ պետության, միշտ վերահսկես։ Բոլորը, որտեղ հնարավորություն ունեն, մի ձև պիտի քաշեն։ Հիմա էլ օրինավոր քաղաքացիների հաշվին բյուջեն հերթական անգամ լցնելու հերթական ձևը

Ուզում ենք վճարել հերթական ամսվա ջրի վարձը, մեկ էլ՝ ի՞նչ... 32,000 դրամ։ Որտեցի՞ց է գոյացել։ Թե բա՝ տուգանք է, լաբորատորիայում պարզվել է, որ ջրաչափը վնասված է, կնիքը՝ պոկված։

Իրականում եկել էին փոխելու ջրաչափը: Այն եղել է կատարյալ սարքին, իսկ կնիքը հենց իրե՛նք՝ մեր աչքի առաջ, ձեռքներով մի կերպ պոկեցին հանելու ժամանակ։ Իսկ քերծվածքների մասին ի՞նչ իմանամ՝ գուցե ջրի որակից է, կա՛մ տեղափոխելիս է եղել, կա՛մ էլ իրենց լաբորատորիայում։ Ինչևէ... Լավ, եթե այդ պահին պոկված էր, ինչո՞ւ տեղում չտեղեկացրին։ Աստծո ամեն ամիս նկարել եմ ջրաչափը, ուղարկել հսկիչին, միշտ կնիքը վրան՝ նորմալ, անվնաս վիճակում։ Իրենք, որ եկան հանելու, շատ լավ տեսան, որ նորմալ վիճակում է:

Ինչո՞ւ ես ջարդել ու գողեգող տարել, այ ստահակ

Ու նշում են, թե ակնադիտարկմամբ միշտ չէ հնարավոր լինում եզրակացության հանգել, բայց չէ, որ անզեն աչքով երևում էր, թե ոնց մի կերպ պոկեցիք ջրաչափը իր տեղից պլոմբով բանով...

Երկրորդ դիմումից հետո էլ պատասխանում են, թե իրենց դիրքորոշումը չի փոխվել: Այ սենց ձեր դիրքորոշումներով սարքում եք բնակիչների գլխին, հատկապես խելոք, օրենքին ենթարկվող բնակիչների գլխին...

Ու հիմա, առանց ամաչելու, իրենց իսկ անփութության կամ միտումնավոր քայլերի մեղքը բարդում են բաժանորդի վրա։ Իրենց նամակի մեջ էլ հանգիստ գրում են՝ «դե մենք մեղավորին բացահայտելու գործառույթ չունենք»:

Սրանց ձեռքը կրակն ենք ընկել։ Նախկինում էլ մեր ավտոտնակի համար քաղաքապետարանից էր տուգանք եկել, թե իբր պայմանագիր չենք կնքել։ 100,000 դրամ տուգանքը սուսուփուս վճարեցինք, որից հետո ամուսինս գնաց, որ այդ «չարաբաստիկ» պայմանագիրը վերջապես կնքի։ Ու գիտե՞ք ինչ... մեկ է, այդպես էլ մնաց։ Իրենք էլ չգիտեն, թե ինչ պայմանագիր պետք է կնքեն կամ ընդհանրապես ինչի՛ դիմաց են մեզ տուգանել։ Այդպես էլ մի դաստա փաստաթուղթ ներկայացնելուց հետո, մեկ է, քաղաքապետարանը չկնքեց այդ պայմանագիրը, որ ջրմուղը թույլ տար ջուր քաշել։

Հիմա այս տուգանքն էլ, եթե չվճարենք, կհասնի ԴԱՀԿ, ու սենց նորից մեկը մյուսի վրա է գցելու։ Հսկա ընկերությունների կամայականություններին պիտի ենթարկվես, որպեսզի նյարդերդ վերջնականապես վարի չտաս...  Վեոլիա ջուր»․ Գոհար Սիմոնյան 

facebook sharing button facebook